ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Թե ինչու է ոստիկանության ստորաբաժանման մեքենան առանց համարանիշի, դժվար է հասկանալ. չէ՞ որ այս կառույցն է հենց օրինապահության հորդորներով հանդես գալիս։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ դիմումի հիման վրա կազմված վկայականը կամ տեղեկանքը արդյոք պետք է ստանալ այն սպասարկման գրասենյակից, որտեղ ներկայացվել է դիմումը:

Ներսես Հարությունյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետեւել իր դիմումի քննարկման ընթացքին:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա՝ նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի կնիքով: Նման կարգով տրամադրված պատճենը եւ անշարժ գույքի ռեգիստրում պահպանվող պայմանագրի բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` կան արդյոք դիմորդներ, որոնք կարող են օգտվել արտոնություններից: Եթե այո, ապա խնդրում եմ ասել՝ ում է տրվում արտոնություն:

Սիրանույշ Այվազյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ՝

1) քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են՝

ա. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,

բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:

2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,

բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:

3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`

ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս՝ ըստ մասնագիտությունների` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին,

բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

4) Առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի:

 




Լրահոս