Վերջին շրջանում կրկին լարվել են իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները: Դա հատկապես երեւում է խորհրդարանում, երբ ընդդիմադիր ԲՀԿ-ն եւ իշխանական «ԻՄ քայլ»-ը խմբակցություններն առիթը բաց չեն թողնում միմյանց հասցեին քննադատություն հնչեցնելուց:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ եւ ասել, որ խմբակցության 7 պատգամավոր՝ հենց Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Վարդան Ղուկասյանը, Դավիթ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ձանիբեկ Հայրապետյանը եւ Գեւորգ Պետրոսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանի որ չեն հանդիսանում քաղաքական մարդիկ, հետեւաբար խորհրդարանն իրենց տեղը չէ: Սակայն Գագիկ Ծառուկյանը ըստ էության մերժել է Արարատ Միրզոյանի առաջարկը: Այսպիսով, ինչ է կատարվուիմ իշխանության եւ ընդդիմության միջեւ եւ արդյոք կրկին մանդատից հրաժարվողներ: Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից:
-Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ խորհրդարանի աշխատանքներին այս շաբաթ չմասնակցեցի՞ք: Ինչ-որ խնդիր կա, թե ուղղակի չեք ուզում վերադառնալ խորհրդարանի աշխատանքներին:
-Ցանկությունս համարյա բացակայում է խորհրդարան գալու, որովհետեւ այդտեղ աշխատանքային մթնոլորտ չկա: Մարդիկ փոխանակ մասնագիտական հարցեր քննարկեն, անձնական բնույթի հայտարարություններ են անում: Աշխատանքային մթնոլորտ չկա: Բացի այդ տեղեկություն ունեմ, որ դիմակ չկրելու հանգամանքը համարվում է, որ խախտում եմ կատարում: Բայց ես գալու եմ խորհրդարան եւ անակնկալ եմ մատուցելու, բոլոր նրանց, որոնք մտածում են, որ տարբեր եղանակներով կարող են կանխել իմ մուտքը խորհրդարան: Առիթ ունեցել եմ, շատ անգամներ ասել եմ, որ չեմ տառապում ու չեմ տառապելու: Եթե իմ քաղաքական թիմն ու իմ քաղաքական ղեկավարը կգտնեն, որ իմ ներկա լինելը պարտադիր չէ, ես հենց այդ պահին վայր կդնեմ իմ մանդատը:
Պարզապես աշխատանքային մթնոլորտ չկա: Ինչ է նշանակում, օրինակ կրթության նախարարն ընդհանրապես չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, նա փոխանակ մասնագիտական քննարկումների մասնակից լինի, մտնում է անձնական հարաբերությունների դաշտ: Եվ իրավապահ մարմիններն էլ չեն արձագանքում: Թե ինչու չեն արձագանքում, որովհետեւ գործող վարչապետի հետ քայլով Արայիկ Հարությունյանն է նա: Անարդարության մթնոլորտ է տիրում: Հավանաբար մյուս քառօրյային գալու եմ խորհրդարան եւ կան մարդիկ, ում անակնկալ եմ մատուցելու: Ու թե դրանից հետո, ինչպես կավարտվի խորհրդարանական գործունեությունը ինձ համար, արդեն ժամանակը ցույց կտա:
-Պարոն Պետրոսյան, այս պահին էլ, կարծեք, իշխանությունները պահանջ են դրել Բարգավաճ Հայաստան խմբակցությունից 7 պատգամավորների հրաժարական, որոնց թվում նաեւ կա Ձեր անունը: Ի՞նչն է պատճառը:
-Դա անգրագիտություն է իշխանությունների կողմից: Նման արարողակարգ, նման կարգավորում չկա: Ինչ է նշանակում իշխանությունը հրաժարականի պահանջ է դրել: Մեզ ընտրել է ժողովուրդը: Ով հրաժարականի պահանջ է դրել, թող իրանցից ցանկացած մեկը գա, շրջենք փողոցում: Կտեսնեք, ով ինչ վերաբերմունքի է արժանանում: Իրենք քանի որ օրենքները չեն կարդում, ղեկավարվում են ինչ-որ պահի թելադրանքով, իրենք չեն իմանում, որ դա ապօրինի նախաձեռնություն է: Այսինքն, եթե մի մարդուն ընտրում է ժողովուրդը, ոնց կարող է մի ընտրվածը մյուսի հրաժարականը պահանջել: Դա անգրագիտություն է: Իհարկե, բոլորի մասին չէ խոսքը: Շատերն ունեն անգրագետ վարքագիծ, եւ սա դրա հետեւանքն է:
-Հետեւելո՞ւ եք իշխանությունների՝ մանդատը վայր դնելու հորդորներին:
-Ինձ համար կարեւորը իմ քաղաքական ղեկավարի տրամադրվածությունն է իմ նկատմամբ: Իմ քաղաքական ղեկավարն ինձ կասի, որ ինքը նպատակահարմար չի գտնում իմ հետագա պաշտոնավարումը Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնում ես կկարգավորեմ այդ հարցը: Բայց ով են մյուսները, որոնք մեզ հետ ունեն հավասար կարգավիճակ, իրենք պահանջեն իմ հրաժարականը: Եվ վերջապես՝ ինչո՞ւ: Եթե ես խախտել եմ վարքագծի կանոն կամ օրինախախտում եմ թույլ տվել, ես պատրաստ եմ լսել իրենց կարծիքը: Բայց ով է պահանջողներից մեկը:
Սոնա Գրիգորյան