ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԽԱԶԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բավականին լուրջ գործընթաց է սկսել: Ոչ մեկ անգամ գրել էինք, որ իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից նա իր ծանոթ-բարեկամներին տարբեր պաշտոնների է նշանակել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ արդարադատության նախարար Ռոստամ Բադասյանը պատերազմ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Մեր տեղեկություններով՝ վերջինս անգամ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հեռացման հարցն է բարձրաձայնում եւ նրանից առկա տարբեր դժգոհությունները ներկայացնում է քաղաքական ղեկավարությանը՝ փորձելով հասնել նրան, որ Արթուր Դավթյանին ստիպեն հրաժարական տալ, եւ դրվի նրա հեռացման հարցը: Եվ ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանի նշանակումը՝  ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում, նույնպես պատահական չէր: Բանն այն է, որ Սրբուհի Գալյանը դատախազությունում լինելու է Ռուստամ Բադասյանի աչքերն ու ականջները, որպեսզի նախարարը կարողանա նրա միջոցով ամեն ինչ իմանալ Արթուր Դավթյանի եւ, առհասարակ, դատախազությունում տիրող իրավիճակի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչու է նախարարը Դավթյանի նկատմամբ նման գործընթաց նախաձեռնել: Սակայն նա վստահեցրեց, թե Արթուր Դավթյանի դեմ պատերազմ չի հայտարարել, իսկ խոսելով Սրբուհի Գալյանի նոր պաշտոնի մասին՝ նշեց.  «Սրբուհի Գալյանը մասնակցել է մրցույթի, նրան ոչ մեկ ոչ մի տեղ չի տարել: Եվ նա  պատասխանատու է լինելու ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում», – նշեց նախարարը: Ամեն դեպքում,  Սրբուհի Գալյանի նոր պաշտոնն ամենեւին էլ պատահական չէ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հրավիրել են հանդիպման իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը դեռ սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, թե վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը, սակայն, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել: Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը հիմնականում ներկա են գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաեւ Հերիքնազ Տիգրանյանը, Հովիկ Աղազարյանը, Բաբկեն Թունյանը եւ այլք: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Ջուլֆալակյանը եկել է փաստաթղթերով, ներկայացրել  այն հիմքերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բոլոր գրությունները արհամարվել են, որեւէ կերպ չի արձագանքել իր նամակներին, ինչի համար էլ վերջինիս դիմել է նման քայլի: Ըստ պատգամավորների՝ Ջուլֆալակյանն ամեն ձեւով ապացուցել է, որ ինքը ճիշտ քայլի է դիմել, քանի որ այլ ելք չի ունեցել: Չնայած այն բանին, որ իմքայլականները ամեն կերպ փորձել են Ջուլֆալակյանին համոզել մանդատը վայր չդնել, միեւնույնն է, Ջուլֆալակյանը հայտնել է, որ ինքը որոշում է կայացրել, ավելին՝ նրան ճանաչողները վստահեցնում են, որ նման հարցերում Ջուլֆալակյանը սկզբունքային է ու խորհրդարան չի վերադառնալու:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստից: Մենք տեղեկացանք, որ այս անգամ միանգամից երկու զեկույց է քննարկվել, եւ կրկին բուռն քննարկում է ծավալվել հարցերի վերաբերյալ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է արդեն դեկտեմբերին ներկայացնի հայեցակարգը, եւ հենց դա է պատճառը, որ արդեն նիստերի ժամանակ երկուական զեկույց է քննարկվում, նաեւ քվեարկության դրվում: Եվ ավելին՝ նիստերին զուգահեռ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նաեւ հանրային քննարկումներ է անցկացնում եւ փորձում հասկանալ, թե ինչ դիրքորոշումներ կան արդեն ընդունված որոշումների շուրջ: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում քննարկվել են իշխանությունների բաժանման սկզբունքի, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի նկատմամբ սահմանադրական վերահսկողության հարցը: Մեր տեղեկություններով՝ սա եւս քննարկումներից առաջնայինն է, թե ինչպես հավասարակշռել միջազգային պայմանագրերն ու Սահմանադրությունը, որին տալ գերակայություն: Սակայն այս հարցերի վերաբերյալ հանձնաժողովը չի կարողացել վերջնական եզրահանգման գալ, եւ որոշում են կայացրել քննարկումը շարունակել հաջորդ նիստին: Հավելենք, որ հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը կրկին բացակայել է նիստից:

 

 

Այսօրվանից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր՝ դասերից առաջ ու հետո, կախտահանվեն: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն երկու հերթով, առավելագույնը 20 աշակերտով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրապետության մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ սաների ծնողներից։ Հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որտեղից, ի պատասխան մեր հարցմանը, նշեցին. «Պետական դպրոցներում երեխաների քանակը 36 է, իսկ մասնավոր դպրոցներում՝ մինչեւ 20 է հասնում նրանց թիվը։ Սա է պատճառը, որ մասնավոր դպրոցների սաներն ամեն օր հնարավորություն ունեն հաճախելու դպրոց»։ Բացի այս, նախարարությունից փոխանցեցին, որ ուսումնական պլանով ոչ պետական դպրոցների պարագայում նույնպես սահմանված է վեցօրյա ռեժիմ, որոշակի փոփոխություններ լինում են՝ պայմանավորված երկարօրյայի հետ։ Բայց ինչպես ասում են, ԿԳՄՍ-ն այս կազմակերպչական հարցում եւս թերացել է։ Թե ինչ քաոս է սպասվելու հանրակրթական ոլորտում, ցույց կտա ժամանակը։




Լրահոս