ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ե՞րբ է ի վերջո կայանալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոստացած հանրահավաքը: Երեկ խորհրդարանում այս հարցերի պատասխանները ArmLur.am-ը փորձել է ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից: Նրանից հետաքրքրվել ենք, թե, ի վերջո, ինչ ձեւաչափով կլինի հանրահավաքը, ովքեր կմասնակցեն, եւ ինչ է սպասվում:

 

-Տիկի՛ն Տոնոյան, իշխանությունների ներսում, կարծես թե, Սահմանադրական դատարանի թեկնածուների հետ կապված տարաձայնություններ կան: Ըստ Ձեզ՝ հաջողվելո՞ւ է տարաձայնություններով հանդերձ  ընտրել դատավոր: Ի՞նչ տեղեկություն ունեք:

-Կարծում եմ, որ դա բացառապես իշխանության պատասխանատուներին պետք է հուզի, բայց այն, որ այսօր քաղաքական դաշտում իսկապես «աջապսալդալ»-ի տարրեր են նկատվում, դա միանշանակ է: Եվ այստեղ խոսքը ներքին ժողովրդավարության մասին չէ: Իշխանությունները կյանքի գնով, օրենքների եւ Սահմանադրության շրջանցման պայմաններով կարողացան հասնել Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության: Եվ կարծում եմ, որ իրենք, միեւնույնն է, կարողանալու էին  անհրաժեշտ քվեների ապահովմամբ Սահմանադրական դատարանն ապահովել թեկնածուներով: Համենայնդեպս, մինչեւ այս պահը իշխանություններին դա չի կանգնեցրել, վստահ եմ՝ չի կանգնեցնելու:

-Տիկի՛ն Տոնոյան, քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպվելիք հանրահավաքը: Նույնիսկ տեղեկություններ կան, որ չի իրականացվելու դա, որովհետեւ դուք չունեք այն ռեսուրսն ու այն անձինք, որոնք ներկա գտնվեն հանրահավաքին: Ի վերջո, ի՞նչ է կատարվում, արդյոք ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է հանրահավաք իրականացնել:

-Բոլոր այն մարդկանց, որոնք շատ մտահոգվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությամբ եւ կուսակցության կողմից իրականացվող ծրագրերով, նախ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չմտահոգվել, չնյարդայնանալ, որովհետեւ դա առողջությանը վնաս է: Իսկ երկրորդ հերթին՝ ասեմ, որ «Բարգավաճ Հայաստանը», ինչպես հայտարարել էր պարոն Ծառուկյանը, երբ ավարտվեն մարզային հանդիպումները, քանի որ այս պահին ակտիվ հանդիպումների փուլ է ընթանում բոլոր մարզերում: Արդեն իսկ չորս մարզերում պարոն Ծառուկյանը հանդիպումներ է անցկացրել: Երբ հանդիպումների շարքը կավարտվի, եւ մենք կլսենք բոլոր  այն մարդկանց, որոնք մասնակցում են այդ հանդիպումներին, որոնք հնչեցնում են իրենց բողոքի ձայնը, բարձրաձայնում են իրենց  խնդիրների մասին, մենք այդ ժամանակ, ի մի բերելով բոլոր խնդիրները, կձեւավորենք հանրահավաքի օրակարգը,  եւ, բնականաբար, կկազմակերպվի այդ հանրահավաքը: Պարզապես էստեղ մանիպուլյատիվ ինֆորմացիոն հոսքերին եմ ուզում անդրադառնալ. իհարկե շատ ուրախ եմ, որ ԲՀԿ-ի՝ հանրահավաք կազմակերպելու հարցը դարձել է իշխանությունների քաղաքական օրակարգի ամենակարեւոր հարցը, երբ իշխանության ներկայացուցիչներից մի քանի հոգի իրենց պարտքն են համարում անդրադառնալ այդ հնարավոր հանրահավաքին, հարցազրույցներ ու մեկնաբանություններ տալ այս թեմայով: Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք իշխանության օրակարգի մեջ բովանդակային կոնտենտ մտցնել:

-Պարոն Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է խորհրդարան գալ, մասնակցել նիստերին, քանի որ արդեն մեկնարկել է նստաշրջանը:

-Նախ՝ սկսենք նրանից, որ պարոն Ծառուկյանը, նաեւ այս նստաշրջանին ընդառաջ, քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, քննարկվել են օրակարգի բոլոր հարցերը:  Պարոն Ծառուկյանը՝ որպես խմբակցության ղեկավար, իր դիտարկումներն է հնչեցրել: Ես առավել քան վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը մասնակցելու է նստաշրջանի աշխատանքներին, սակայն, անկախ իր ֆիզիկական ներկայության հանգամանքից, պարոն Ծառուկյանը միշտ կապի մեջ է թե՛ պատգամավորների, թե՛ խմբակցության ղեկավարների հետ: Ինչպես արդեն նշեցի այս նստաշրջանի բովանդակային աշխատանքներին մենք արդեն քաղխորհրդի նիստով նախօրեին անդրադարձել ենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ

«Հայաստանի գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը եւ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ դրա իրականացմանը՝ առանց սահմանափակումների»,- Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մեր հայրենակիցների՝ Արցախի հայերի կարեւոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուշադրությունը եւ մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը եւ կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարեւորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը: ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, եղել եւ մնում է միակ կարեւոր միջազգային հարթակը, ձեւաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը»,- ասել է Մնացականյանը:

Նախարարը հավելել է, որ չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Նա կարծիք է հայտնել, որ այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: «Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկություները, պատմությունը, նրբությունները եւ կարեւոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, եւ դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, եւ հենց այդ վստահությամբ եւ ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որեւէ փորձ: Այս տրամաբանության շրջանակներում մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, եւ մենք ունենք նաեւ մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի եւ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ: Այդ առումով Եգիպտոսը մեզ համար շատ կարեւոր գործընկեր է»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները որոշել են առաջիկա օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ նպատակ կա անգամ Փամբուխչյանին նշանակել նախարար, բայց դա առաջիկա պլաններում է լինելու: Բանն այն է, որ  իշխանությունները նպատակ ունեն կառավարությունում փոփոխություններ կատարել, ինչի համար առաջիկայում վերադասավորումներ են սպասվում: ArmLur.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել Արմեն Փամբուխչյանից, սակայն մեզ փոխանցեցին, թե վերջինս զբաղված է: Նշենք, որ Արմեն Փամբուխչյանը խորհրդարան է եկել ՀՀ նախկին կապի եւ տրանսպորտի նախարարությունից, որտեղ փոխնախարար էր նշանակվել: Փամբուխչյանը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:

Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ նշել է, որ Փամբուխչյանը առաջիկայում կարող է նոր պաշտոն ստանալ:

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը COVID-19-ով պայամավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին հայտնել է, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. ընդհանուր առմամբ արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք:  «Կարեւոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում: Այսինքն՝ մի կողմից գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ՝ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից, եւ ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ, եւ արտադրում է ուղիղ այդքան»,- նշել է վարչապետը: Նա նաեւ հայտնել է, որ նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաեւ ծաղիկների արտահանումը 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք: Փաշինյանն ընդգծել է, որ ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար-հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք:




Լրահոս