ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջածախ առեւտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ: Երեւանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները եւ առեւտուր իրականացնելու թույլատրելի վայրերը: ««ՀՀ առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով առեւտրի տեսակների մեջ նախատեսված է նաեւ շրջածախ առեւտուրը, սակայն կարգավորումը տրված չի եղել տարիներ շարունակ: Մինչ օրս մեր քաղաքացիները, ովքեր ապօրինաբար՝ առանց իրավական կարգավիճակի էին զբաղվում այդ գործունեությամբ, հնարավորություն կունենան օրենքով սահմանված կարգով, օրինական ճանապարհով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,-նշում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

 

Նոր նախագծի վերաբերյալ Երեւանի ավագանու անդամների կարծիքները տարբեր են, այնուհանդերձ, մեծամասնությունը կողմ քվեարկեց։

Երեւանի վարչական տարածքում գտնվող, պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առեւտուր իրականացնելու համար, ըստ վարչական շրջանների, սահմանվել են հստակ վայրեր:

«Վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցել ենք եւ ստացել համապատասխան եզրակացություններ՝ Երեւանի մարդաշատ վայրերում եւ այգիներում շրջածախ առեւտուր իրականացնելու վերաբերյալ: Հետագայում, եթե կլինեն առաջարկներ, նույն վարչական շրջանների ղեկավարների հետ կհամաձայնեցնենք եւ կավելացնենք նոր վայրեր: Հիմնականում ընտրվել են մարդաշատ վայրեր»,- ասում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Արմեն Թովմասյանը: Գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր. ավագանու որոշմամբ, ըստ վայրերի, հստակեցվել է նաեւ թույլատրելի ապրանքների ցանկը:

«Խաղալիքների վաճառքն արգելված է շրջածախ առեւտրի կարգավորումներով, քանի որ ինքներս տեսանք, թե ինչպես են խաղալիքները հակասանիտարական պայմաններում վաճառվում: Խաղալիքների առումով գործ ունենք հատկապես երեխաների հետ եւ անվտանգությունը բացօթյա փողոցային առեւտրի պարագայում չենք կարող երաշխավորել: Այս օրենքով եւ այս կարգավորումներով նաեւ հնարավորություն է տրվում պաշտպանել սպառողների շահերը, որպեսզի նրանք նույնպես կարողանան հասկանալ, թե ումից են առնում ապրանք, ինչ ապրանք են առնում եւ իրենց իրավունքները կարողանան պաշտպանել»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Քաղաքի մշակութային եւ զբոսաշրջային կենտրոնում շրջածախ առեւտրի նկատմամբ առավել խիստ մոտեցում կցուցաբերվի: Մասնավորապես՝ Հանրապետության ու Ազատության հրապարակներում, Հյուսիսային պողոտայում եւ Կարապի լճին հարող տարածքում կարելի է վաճառել միայն գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր:

Որոշման համաձայն՝ շրջածախ առեւտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաեւ արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։ Շրջածախ առեւտուր իրականացնողը պետք է նաեւ ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն ունենա։ «Մենք ուղղակի ամրագրել ենք, որ անհրաժեշտ է գնորդին տրամադրել վաճառքի փաստը հավաստող փաստաթուղթ. դա դեռեւս փաստ չէ, որ պարտավոր են բոլորը ունենալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Սկզբնական շրջանում նախատեսված է տեղական տուրքի վճարում՝ օրական 500 դրամի չափով, այսինքն՝ ամսական 15000 դրամ, սակայն ավագանին ունի լիազորություն կիրառելու դրույքաչափեր եւ փոփոխության ենթարկելու այդ դրույքաչափերը՝ նվազեցնել կամ ավելացնել: Ըստ այդմ, կտեսնենք սոցիալական խմբերը, ովքեր են ներգրավված այս առեւտրում եւ, ըստ անհրաժեշտության, այն կփոփոխենք եւ ավելի հարմարավետ կդարձնենք մեր քաղաքացիների համար»,- նկատում է Հովիկ Սաֆարյանը:

Շրջածախ առեւտուր իրականացնելու նշված կարգավորումը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից:

 

 

28 ՀԱՅՏ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Երեւանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթում 28 հայտ է ընդունվել։ Նախապես հայտարարվել էր 26 հայտի մասին, սակայն ժյուրիի որոշմամբ ներառվել են տեխնիկական ոչ մեծ խնդիրներ ունեցած եւս երկուսը։ Մրցույթի նախաձեռնողը՝ Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, հաղորդում է, որ հայտեր են ընդունվել Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Գերմանիայից, Դանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Վիետնամից եւ Ֆրանսիայից։ Ամենաշատը՝ 11 հայտ, ընդունվել է Հայաստանից։ Մի քանի հայտեր ներկայացված են տարբեր երկրներից մասնակիցների համագործակցությամբ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 20-ին, հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 21-ին։ Ներկայացված նախագծերը 2020 թվականի հոկտեմբեր 1-ից առնվազն վեց ամիս կցուցադրվեն առցանց։ Մրցանակի արժանացած նախագծերը կտարածվեն տեղական ու միջազգային մասնագիտական կայքերում, հաղթող նախագծի առաջխաղացմամբ կզբաղվեն մրցույթի կազմակերպիչները։ Լավագույն աշխատանքները կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ իրագործման նպատակահարմարությունը քննարկելու համար։

 

 

164 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եի բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Կորոնավիրուսային համաճարակը չի խաթարել բողոքարկման գործընթացը, հանձնաժողովն ստացել է 164 դիմում-բողոք` 20%-ով ավել 2019թ. ամառային զորակոչի համեմատ:

Հանձնաժողովի աշխատանքը կենտրոնացել է զորակոչի գործընթացում իրականացվող բժշկական հետազոտությունների եւ փորձաքննությունների կապակցությամբ ծագող խնդիրների ուսումնասիրման եւ լուծման վրա: 46 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ եւ ստուգիչ բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքների հիման վրա վերանայվել են նրանցից 32-ի զինծառայության պիտանիության մասին եզրակացությունները, եւս 10 այդպիսի եզրակացություններ կայացվել են բժշկական հետազոտությունների տվյալների վերագնահատման միջոցով: Հիշյալ զորակոչիկներից 7-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի, 3-ը` ժամանակավորապես ոչ պիտանի, 32-ին տրվել են տարկետումներ մինչեւ 1 տարի ժամկետով: ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է նաեւ զորակոչի գործնթացում բողոքների տեղիք տվող առանձին երեւույթների մասին:

 

 

ՕԹԵՎԱՆԸ ԴՊՐՈՑ ՉՈՒՆԻ

ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւանն այս տարի ունի առաջին դասարանի մեկ աշակերտ: Օթեւանի գյուղապետ Ջամալ Սալմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղից մեկ հոգու ուղարկել են առաջին դասարան հարեւան Կաքավաձոր գյուղ: Գյուղի դպրոցը փակվել է նախկին գյուղապետի ժամանակ՝ տարիներ առաջ, աշակերտ չլինելու պատճառով:

-Պարո՛ն Սալմոյան, գյուղը քանի՞ աշակերտ ունի:

-Ընդհանուր 6… Գնում են Կաքավաձորի դպրոց:

-Ինչո՞ւ է փակվել գյուղի դպրոցը:

-Եթե չսխալվեմ, 2006 թվականից դպրոցը փակվել է, աշակերտները քիչ էին, դրա համար էլ փակվեց: Սաղ արտագնա աշխատանքի են՝ էս կողմ, էն կողմ են, աշխատանք չկա, չեն ամուսնանում…

-Իսկ աշակերտներին ո՞ւմ միջոցներով եք տեղափոխում հարեւան գյուղ:

-Ես եմ տանում իմ մեքենայով, տանում եմ, իջեցնում, հետ եմ գալիս գործի, հետո նորից գնում բերում եմ: Այդ 6 աշակերտներից 3-ը իմ թոռներն են, մյուսները՝ հարեւաններին են:

-Պարո՛ն Սալմոյան, կհիշե՞ք, թե երբ է Օթեւանում վերջին երեխան ծնվել:

-2014 թվականին: Եկեք գյուղ, գյուղի ճանապարհները տեսեք, նոր ասեք: Մարդիկ հիասթափվել են, որ գյուղից գնացել են իրենց բարեկամների տուն էս հիվանդության պատճառով, ոչ էլ կգան:

-Օթեւանում կորոնավիրուսով հիվանդներ եղե՞լ են:

-Չէ, չէ, կորոնավիրուսը Օթեւան չի եկել, տոմսը հանել ա, պետք ա գա (կատակում է-Ս.Հ.)

Զրուցեց Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԱՐԳԵԼՎԵԼ Է  ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերյան քաղաքից 15 կմ հեռավորությամբ գտնվող  Սրբասարում՝ անտառային  տարածքում,  նորաբաց հանգստյան գոտու գործունեությունն արգելվել է: Այդ օբյեկտի շուրջ փշալար է անցկացվել, ցուցանակ փակցվել, որ օբյեկտը ժամանակավորապես  չի աշխատում։  Դրա արվել  է Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ  Խասիկյանի կողմից, քանի որ օբյեկտի գործունեության համար ոչ բոլոր փաստաթղթերն են առկա, հարկ է այդ օբյեկտի գործունեությունը համապատասխանեցնել օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին։ Նոյեմբերյանի անտառտնտեսությանը պատկանող տարածքներում անօրինական կառույցներ կամ  անօրինական  գործող  տնտեսվարողներ չկան։ Անտառային  վայրերում անասնապահությամբ զբաղվող, վագոն-տնակներ զբաղեցնող տեղացիների հետ մեկ տարի ժամկետով  կնքվել են պայմանագրեր, որոնցով դրանց տերերը վարձակալության գումարներ են վճարում   «Հայանտառին»։ Տարիներ շարունակ փայտաշեն փոքր, անշուք  տնակներ՝ դագաներ զբաղեցնող անձինք են  նաեւ  դիմել Նոյեմբերյանի  անտառտնտեսություն, որպեսզի իրենց զբաղեցրած տարածքի համար վարձակալության  գումարներ վճարեն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս