ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020թ. սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար:

 

Ոստիկանության կողմից արձանագրվելու եւ քննվելու են 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Մասնավորապես՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 – 70.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես եւ դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը առաջացնում են տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։

Ծանոթություն

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս եւ տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 – 200.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։

Հավաքներ կազմակերպել, անցկացնել եւ հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման եւ անձանց միջեւ նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում: Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները եւ արգելքները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 – 100.000 դրամի չափով։

Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետեւյալ սահմանափակումներով՝

1) տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ,

2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ,

3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաեւ բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության եւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում: Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես եւ դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000 – 100.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 – 200.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10.000 դրամի չափով։

Ծանոթություն

Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2020թ. N 23-Ն հրամանով:

 

 

ԿԱՇԽԱՏԵՆ ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձեւաչափով աշխատելու տարբերակով:

 

Ըստ մարզերի՝ թվերը բաշխվել են հետեւյալ կերպ՝ Երեւան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96, Արարատ՝ 94, Արմավիր՝ 67, Լոռի՝ 50, Վայոց ձոր՝ 11, իսկ ըստ առարկաների` հետեւյալ կերպ՝ մաթեմատիկայի ուսուցիչներ՝ 160, հայոց լեզվի եւ գրականության՝ 145, ռուսաց լեզվի՝ 124, մյուս առարկաների դեպքում ուսուցիչների թիվը փոքր է 100-ից։

Վերոնշյալ խմբում դասվարների թիվը 202 է։ Աշխատանքի չներկայացող ուսուցիչների դեպքում դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների՝ առաջացած թափուր ժամերի մասով։ Բացի այդ, 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի կենտրոնացված հեռավար ձեւով` առաջնորդվելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով։ Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետեւյալ կերպ՝ Երեւան՝ 1207, Շիրակ՝ 211, Արարատ՝ 188, Կոտայք՝ 175, Լոռի՝ 172, Գեղարքունիք՝ 142, Արմավիր՝ 110, Արագածոտն՝ 78, Սյունիք՝ 63, Տավուշ՝ 47, Վայոց ձոր՝ 33 աշակերտ, իսկ ըստ դասարանների` հետեւյալ ձեւ՝ 1-ին՝ 96, 2-րդ՝ 230, 3-րդ՝ 258, 4-րդ՝ 262, 5-րդ՝ 257, 6-րդ՝ 290, 7-րդ՝ 240, 8-րդ՝ 271, 9-րդ՝ 209, 10-րդ՝ 107, 11-րդ՝ 103, 12-րդ՝ 103 աշակերտ։

«Հիշեցնենք, որ, համաձայն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կանոնների, սովորողը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որեւէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, եւ առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից: Հավելենք, որ այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորելու է 397607 աշակերտ, իսկ առաջին դասարան է հաճախել 38186 աշակերտ:

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը: Նա նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար եւ որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար: Ա. Հարությունյանը կարեւորել է ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական կենտրոնների հետ համագործակցության սերտացումը բարձրակարգ մասնագետների ներգրավման եւ տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով: Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ ՀՀ կառավարությանն Արցախի առողջապահության նախարարությանը 7 շտապ օգնության մեքենա եւ 3 ռեանիմոբիլ նվիրելու համար՝ նշելով, որ դրանք Արցախի առողջապահական համակարգի համար աննախադեպ նվեր են եւ լուծելու են կենսական նշանակության խնդիրներ: Հանդիպումից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապ օգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողություն:

 

 

ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների եւ ուսուցիչների համար: Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների եւ ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը:

Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների եւ ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի եւ ուսուցչի հնարավորություն է տալիս ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների եւ պատանիների գեղարվեստական դաստիարակությանը եւ գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից:

 




Լրահոս