ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30-ամյա ծննդկանի մահվան հետքերով. ինչ է սպասվում բժշկի մեղավորության դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Սեդայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն: ԿՆոջ մահվան դեպքով  ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան  հիվանդանոցի դիմաց լարված իրավիճակ էր։ 30-ամյա կնոջ  հարազատները թույլ չէին տալիս, որպեսզի դիակը շտապօգնության մեքենայով տանեն հիվանդանոցից՝ պահանջելով նախ քննչական գործողություններ կատարել: Նրանք կասկածներ ունին, որ փորձ է արվելու բժշկի մեղավորությունը թաքցնել։

Սեդա Ասատրյանի հարազատների պնդմամբ՝ առաջնեկին սպասող կնոջ հղիությունը նորմալ է ընթացել, որևէ խնդիր չի եղել։ Առավոտյան հիվանդանոց է գնացել, դրանից ժամեր անց հարազատները չեն կարողացել Սեդայի հետ կապ հաստատել։ Նրանց խոսքով՝ երբ հարազատները փորձել են վերև բարձրանալ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, իմացել են, որ Սեդան մահացած է։

Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաև բժշկական կենտրոնը՝ նշելով, որ ջեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: Սակայն  45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը:

Նշենք, որ հոդվածը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։

Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս