ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոփոխություն է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել եւ սահմանվել է, թե ինչպես կարող է հեռացվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը: Մասնավորապես համապատասխան հոդվածում ասվում է.
«Հանձնաժողովի անդամի կողմից իր լիազորությունները և պարտականությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու՝ ներառյալ հանձնաժողովի երեք և ավելի նիստերից անհարգելի պատճառներով բացակայելու դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հանձնաժողովի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է հանձնաժողովի երեք և ավելի նիստերից և այդ կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն:
Հանձնաժողովի անդամի կողմից, աշխատանքային պլանին համապատասխան, իրեն վերապահված աշխատանքները և գործառույթները չկատարվելու կամ ոչ պատշաճ և ոչ ժամանակին կատարվելու դեպքում հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է քվեարկության դրվել հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու հարցը:
Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Քվեարկությանը չի մասնակցում հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը»:
Նշենք ,որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ունի 16 անդամ եւ սովորաբար նիստ է անցկանցուկ յուրաքանչյուր ուրբաթ, սակայն ոչ բոլոր անդամներն են մշտապես ներկա լինում, իսկ օրինակ հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը 1 կամ 2 նիստի է մասնակցել եւ չի բացառվում, որ այսպես շարունակելու պարագայում օրակարգում հայտնվի նրան հանձնաժողովի կազմից հեռացնելու հարցը: Նկատենք՝ 16 անդամ ունեցող հանձնաժողովի պարագայում պետք է 10 անդամ կողմ լինի, որպեսզի այս կամ այն անձի լիազորությունների դադարեցման հարցով դիմեն վարչապետին: Արդյոք՝ առաջիկայում այդ հարցով դիմում կլինի, թե ոչ դժվար է ասել, սակայն նկատենք, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտին մնացել է մոտ 3 ամիս եւ հանձնաժողովականները պետք է ակտի աշխատեն:
Մանրամասները՝տեսանյութում
Ն.Հ.