Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին կգումարվի արտահերթ նիստ: Օրակարգում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն է, որը պետք է անցնի առաջինից երկրորդ ընթերցում:
Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Մասնավորապես Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4.2 բաժնով (աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը եւ ժողովրդագրությունը) սահմանված է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների որակը, որը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ եւ անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացմամբ:
ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ եւ մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների համալիր գնահատումն ու դրա հիման վրա համայնքների եւ շահեկից այլ գերատեսչությունների՝ ինչպես առողջապահական համակարգը, կրթական համակարգը եւ այլն, հետ սերտ համագործակցությամբ՝ տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության եւ այլ համալիր ծառայությունները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մշակվել եւ ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի N 725-Ա որոշմամբ: Այս որոշմամբ հաստատված միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի՝ շահագրգիռ մարմինների հետ քննարկման արդյունքներով անհրաժեշտություն է առաջացել նաեւ փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքում (ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 23-ին) եւ այլ հարակից օրենքներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը:
Ն.Հ.