ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և նրանց նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք դրսևորելու դեպք:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում 2020թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննոթյուններ:
ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: