Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Ալեքսեյ Մելնիկովը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով, Սարատովկա գյուղի հարակից դաշտում, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու մի քանի մետր գլորվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վերջինս տեղում մահացել է: Նրան արդեն մահացած վիճակում իր հետ գտնվող քաղաքացիները իրենց մեքենայով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է մահը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Ստեփանավանի եւ Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը՝ բաժինների պետերի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 27-ամյա Ա. Մելնիկովը ծառայում է Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար։
Մանրամասները՝ այստեղ։