Հայաստանը տոնում է անկախության 29-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր տոնում են Անկախության 29-ամյակը: 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեի արդյունքներով ընդունեց պատմական որոշում՝ ընտրեց անկախանալու ճանապարհը:

Քվեաթերթիկում մեկ հարց կար՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական հանրապետություն, դուրս գա Խորհրդային միության կազմից»:

Քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 163 հազար 967 քաղաքացիների 95,5 տոկոսը, որոնցից միայն 0,46 տոկոսն էր «ոչ» ասել անկախությանը: Հայաստանն անկախ հռչակվեց Գերագույն խորհրդում հանրաքվեից երկու օր անց: 1995 թ. հուլիսի 5-ին` կրկին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվել է նորանկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը:

Բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը
ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:




Լրահոս