Ներսի թշնամանքը՝ ահա թե ինչն է հուսահատեցնում, եւ որը պետք է հաղթահարենք. Սասուն Միքայելյանի ուղերձն՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Ուղերձում մանավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ:
Հայաստանի անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրուն ոգու շնորհիվ: Մեր բազմամյա պայքարի ճանապարհին մենք կորուստներ ունեցանք, տեսանք շատ դժվարություններ, բայց մեր միասնության շնորհիվ ոտքի կանգնեցինք, ազատագրեցինք Արցախ աշխարհը եւ կերտեցինք մեր երկու պետությունների անկախությունը:

Փա՛ռք մեր նախնիներին,
Փա՛ռք նահատակված քաջերին, մեր մարտական ընկերներին,
Փա՛ռք Ազատամարտին,
Փա՛ռք աշխարհասփյուռ հայությանը:

Մենք խաղաղություն սիրող ազգ ենք, բայց վստահեցնում եմ, որ այսօր երկրապահը հայոց բանակի հետ միասին պատրաստ է իր բոլոր ուժերով պահպանել եւ ամրապնդել Հայաստանի Հանրապետության, ազատագրված Արցախի անվտանգությունը՝ կյանքի գնով։ Այո՛, ԵԿՄ-ն հետպատերազմյա տարիներին էլ կատարում է իր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով Հայաստանին, Արցախ աշխարհին:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը համոզված էր՝ «….մեր երկրին փայլուն ապագա է սպասվում: Պարզապես անհրաժեշտ է վստահաբար ու նոր թափով լծվել այդ առաքելության իրականացմանը», բայց եւ զգուշացնում էր՝ «…ներսի թշնամանքը՝ ահա թե ինչն է հուսահատեցնում, եւ որը պետք է հաղթահարենք…»:

Ես վստահ եմ, որ մենք շատ բաներ արդեն հաղթահարել ենք, եւ այսօր գիտակցում ենք, որ միայն միասնության, փոխադարձ վստահության շնորհիվ մենք կքայլենք ժամանակին համընթաց. մենք արդեն բռնել ենք աշխարհի հզոր պետություններից մեկը դառնալու ուղին: Մեր ժողովուրդն այդ առավելությունն ունի, քանզի մտածող է, խելացի է, հավասարակծռված, ճիշտ դատող:

Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր հանրապետության ծննդյան տարեդարձն է: Մաղթում եմ, որ խաղաղ լինի ամեն օրը, եւ մենք ի կատար ածենք բոլոր երազանքներն ու նպատակները:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնությունը»,- ասված է ուղերձում:




Լրահոս