Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով յուրաքանչյուր տարի կառավարությունը գումար է հատկացնում: Այս տարի այդ նպատակով նախատեսվել է ծախսել 208 մլն դրամ 271.0 հա անտառաշերտի մաքրման համար: Սակայն ամեն տարի Սեւանի ափամերձ հատվածներում իրավիճակը գրեթե չի փոխվում։
ArmLur.am-ը տեղում արձանագրել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածներում անմխիթար վիճակ է։ Ծառերի կոճղերը մնացել են լճում, շենք-շինությունները ջրասույզ են եղել, մամռակալել ու մնացել, սննդի մնացորդները՝ լճափին են, որոնք սարսափելի տգեղացնում եւ վնասում են լճի պատկերը։ Եթե անտառը շարունակաբար չմաքրվի, ծառարմատները մնան ջրի տակ, ապա լիճ կլցվի մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր, իսկ դա կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար, ինչի մասին դեռեւս նախորդ տարի ահազանգել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Խնդրի մասին բարձայնել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ջուրն ամենաթանկ բնական ռեսուրսն է, որը մենք, ըստ էության, չենք գնահատում եւ մեր ջրային պաշարների հետ վարվում ենք ինչպես խաղալիք կամ ջրի տարա:
Իսկ, ահա, Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Սեւանը փրկելու համար նեկայացնելով հիմնախնդրի լուծման իր տեսլականը, խոստացել է նախ եւ առաջ ազատագրել Սեւանի ափերին ավելի քան 300 ապօրինի տնտեսվարողների գործունեությունից։
Այս բոլոր խնդիրները արձանագրված են, լուծման ուղիները՝ ուրվագծված, մնում է արդյունքը։ Սևանը շարունակում է փրկության կարիք ունենալ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան