«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանի ՝ Արսեն Երևանսկու պաշտպանները մշտապես բարձրաձայնել են վերջինիս առողջականի մասին՝ նշելով, որ նրա կալանքն առողջության հետ անհամատեղելի է, սակայն դատարանները մերժում են վերջինիս ազատ արձակել: Երևանսկու պաշտպանները վստահեցնում են՝ եթե իրավապահները քրեական ենթամշակույթի անվան տակ շարունակեն Արսեն Երևանսկուն պահել կալանքի տակ, ապա վերջինիս սպառնում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ճակատագիրը :
Armlur.am-ի ձեռքում է հայտնվել վերջինիս առողջականի մասով բժիշկների եզրակացությունը եւ դեռ ավելին, թե ինչ վիճակում է գտնվում նա :
Նշենք, որ Օրենքով գող Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երևանսկու մասով հարուցված քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը նախաքննության ավարտ է հայտարարել: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով նախաքննական մարմինը 10-ից ավելի անձանց է որպես մեղադրյալ ներգրավել:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն Երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել ևս 8 անձինք:
Վերոնշյալ անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան