ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի եւ պահանջում է, որ դատարանը կրթահամալիրի տնօրենին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջներով վարչական պատասխանատվության ենթարկի: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը :
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի բերման էին ենթարկել կրթահամալիրից և հարակից տարածքից։ Ըստ ոստիկանների նրանք կարգ էին խախտել:
«Կանգնած են եղել Հյուսիսային դպրոցի մեր մասնաճյուղի և մանկապարտեզի տարածքում: Ոստիկաններն ասել են՝ դուք ակցիա եք իրականացնում, այդպես են որոշել ու բերման ենթարկել, այնքան ոստիկան, որ եկել էր կրթահամալիր, երևի այլ հանցագործության համար չէին գնա: 30-ից ավել կարմիր բերետավոր էր եկել»:
Մինչդեռ Տաթև Բլեյանը շեշտել էր, որ ոչ մի ակցիա չեն իրականացրել: ՀՀ Ոստիկանությունից կատարվածի մասով նշել էին, որ կրթահամալիրի տարածքից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով երեք անձ բերման էին ենթարկվել:
Նշենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.