Տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների նկատմամբ քաղաքական հետապնդման հարցը: Բանն այն է, որ իրավապահ համակարգը ուսումնասիրել է ԲՀԿ-ական պատգամավորների տարբեր տարիների գործունեությունը եւ տարբեր հարցերի հետ կապված քրեական գործեր է սկսել հարուցել: Սա ԲՀԿ-ականները համարում են քաղաքական հետապնդում այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենք պահանջելու են կառավարության 100 տոկոս հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Պողոսյանի եւ Տիգրան Ստեփանյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց հետ կապված ինչ քրեական գործեր են քննվում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյան
-Տիկի՛ն Պողոսյան, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված, 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման եւ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար: Դուք որեւէ մտավախություն ունե՞ք՝ այս գործընթացի հետ կապված:
-Հանկարծակիի եկա, երեւի չեմ նկատել, ես Ձեզանից եմ լսել: Բացառվում է, որ նման բան կարող է լինել, այն էլ՝ «Արարատցեմենտ» գործարանի մասով:
-Ձեր ծանոթների մասին ի՞նչ կասեք: Կա՞ն ծանոթներ, որոնց կանչած լինեն հարցաքննության:
-Ոչ, որեւէ տեղեկություն չունեմ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյան
-Պարո՛ն Ստեփանյան, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված, 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման եւ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար: Դուք որեւէ մտավախություն ունե՞ք՝ այս գործընթացի հետ կապված: Ձեզ այդ գործի շրջանակում չե՞ն կանչել հարցաքննության:
-Ոչ:
-Դուք որեւէ ներգրավվածություն չե՞ք ունեցել:
-Ոչ:
-Ամիսներ առաջ խուզարկություն իրականացվեց նաեւ Ձեր գրասենյակում. առգրավվեցին փաստաթղթեր: Ի՞նչ նորություն կա խուզարկությունից:
-Ոչ մի:
-Չհետաքրքրվեցի՞ք, թե ինչ տարան, բերեցին:
-Իմ իմանալով ոչ մի բան չեն տարել: Միայն տարել են այն մարդկանց թղթերը, որոնք գրանցված են, մեր կուսակցության անդամ են:
-Այս ընթացքում Ձեր կուսակցության անդամներին հարցաքննության հրավիրե՞լ են:
-Ոչ: Նրանից մի մասը երեւի թե չկան, մահացած են, մի մասը կան, բայց մեր կուսակցության անդամը չեն: Ուղղակի հին արխիվից վերցրել տարել են:
-Բայց կա՞ն մարդիկ, որ մահացած են եղել, այդ ցուցակում ընդգրկված են եղել, բայց մահացած են:
-Այո, կան:
-Ամեն դեպքում, հարուցվել է քրեական գործ, որի մասին մամուլից եք տեղեկացել. այդ գործի շրջանակում որեւէ մտավախություն չունե՞ք:
-Ոչ, ոչ մի մտավախություն չունեմ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Ընդդիմադիրների տպավորությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կկարողանա աշխատել։ Հանձնաժողովը 12 անդամ կունենա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ 7-ը «Իմ քայլից» կլինեն, 3-ը` «Բարգավաճ Հայաստանից», 2-ը` «Լուսավոր Հայաստանից»։
Նշենք, որ քննիչ հանձնաժողովը դեռ հուլիսին է ստեղծվել՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ու իրավունքի ուժով, բայց որպեսզի փաստացի գործի, Ազգային ժողովը պետք է սահմանի հանձնաժողովականների թիվը, այս դեպքում արդեն` խորհրդարանի որոշմամբ: Այն առանց իշխանական «Իմ քայլի»` միայն ընդդիմադիրների ձայներով չի կարող ընդունվել: Քննարկումները երեկ անցկացվեցին, քվեարկությունը այսօր կլինի։
Ընդդիմադիրներն ուզում են հանձնաժողովի քննության առարկա դարձնել ոչ միայն համաճարակի վերացման ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, այլեւ արտակարգ դրության ընթացքում մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունը։
Է. Մարուքյանը պնդել է, որ հանձնաժողովում քննարկումները բաց լինեն. «Ես ուզում եմ, օրինակ, հասկանամ, թե «Մարիոթ» հյուրանոցում առողջ մարդկանց 14 օր ինչի՞ ենք պահել պետության փողերի հաշվին: Ես ուզում եմ հասկանալ՝ մարզային որոշ հյուրանոցների հետ կապված… բազմաթիվ հարցեր կան: Խոսակցություն կա, որ ատկատներ են եղել… Ինչ խոսակցություն ասես կա: Հիմա, որպեսզի էս խոսակցությունները փարատվեն կամ հաստատվեն (եթե հաստատվեն, քրեական գործեր պետք է հարուցվեն), պետք ա քննիչ հանձնաժողովը աշխատի»:
Խորհրդարանում բուռն քննարկումներ սկսվեցին, երբ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նախաձեռնության հեղինակներից Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ արդյոք ընդդիմության ապակողմնորոշող հայտարարությունները ու վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում եւս հանձնաժողովը քննելու է. «Մասնավորապես, ասվել է ընդդիմության կողմից, որ պետք է փակել Իրանի եւ Իտալիայի սահմանը, հետո ասվել է, որ կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն: Երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, երբ վարակվել են պատգամավորներ եւ ոստիկաններ»:
Մարուքյանն ասաց՝ իշխանությունը մեծամասնություն է ունենալու, կարող են առաջարկել ցանկացած հարց. «Երբ որ ասվել է՝ Իրանի սահմանը փակեք, Իտալիայի չվերթները փակեք, դա հենց էն պահին պետք է արվեր, երբ որ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ Հայաստանում դեռ չկային վարակակիրներ: Բանավեճը դրա մասին է եղել: Հետեւաբար էդ տեղեկությունը, որ հիմա Դուք հրապարակում եք, իրականությանը չի համապատասխանում»:
Լենա Նազարյանի ակնարկը ակնհայտորեն ԲՀԿ նախագահի խափանման միջոցի հարցը որոշելու օրերի հավաքներին էր վերաբերում: Ծառուկյանի ղեկավարած խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որոշեց այն անպատասխան չթողնել. «Մենք ձեզ հետ միասին կքննարկենք, այո: Ինչպես տիկին Նազարյանը նշեց, միտինգների ժամանակ վարակվածների եւ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, ձեզ հետ միասին կքննարկենք Հռոմի եւ Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, ձեզ հետ միասին կքննարկենք կորոնավիրուսը պինցետով եւ արաղով ախտահանելու հարցը…»:
Ն. Հ.
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ
Armlur.am-ի տեղեկություններով՝ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ԹԻՐԱԽՈՒՄ Է
Իրավապահները շարունակում են քննություն իրականացնել ԲՀԿ-ական պատգամավորների գործողությունների մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին թիրախում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերից մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել: Իրավապահները պարզել են, որ զորամասի հրամանատարը 2018թ. խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին եւ այդ արարքի համար հայտնվել է դատարանում: Նորայր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:
ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԱՌԱՋԱԴՐԻ
Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք առաջադրել լրագրողի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործով: Ինչպես հայտնի է, օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը՝ ժամը 16-ի սահմաններում, Սեւանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սեւան-Շորժա ճանապարհահատվածի վրա Գասպարյանը խոչընդոտել է իր եւ օպերատորների մասնագիտական գործունեությանը, հնչեցվել են կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել նախկին ոստիկանապետի անունից` կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ. «ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», – ասվում էր հայտարարության մեջ։ Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն քննության առարկա է դարձնում նաեւ փաստաբանի հայտարարությունը, մերժում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժման մասով քրեական գործի հարուցումը եւ այդ որոշումը ուղարկել է դատախազություն: Փոխարենը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է մեղադրանք առաջադրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: