Սահմանադրական դատարանն արդեն երեք նոր դատավոր ունի: Ազգային ժողովը ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Վաղարշյանինը՝ նախագահը, Շաթիրյանինը՝ կառավարությունը:
Ընտրված դատավորներն իրենց լիազորությունը ստանձնում են ԱԺ-ում երդման արարողությունից հետո։ Այսօր թեկնածուները չերդվեցին, քանի որ նրանցից երկուսի դեպքում այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կար:
Նշենք, որ ՍԴ-ում թափուր տեղերն առաջացան հունիսի սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո, երբ ՍԴ նախագահի պաշտոնից հեռացվեց Հրայր Թոմվասյանը, եւ իրենց պաշտոնը կորցրին 12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորները։
Ի՞նչ գործընթաց է հաջորդելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Այսպիսով, ե՞րբ են Սահմանադրական դատարանի անդամները ստանձնելու իրենց լիազորությունները.
Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ասում է. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելը
- Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետեւյալ երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:»:
- Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված երդումը տալուց հետո՝ անհապաղ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների դադարման օրը:
Այստեղ նկատենք, որ երեկ խորհրդարանում նորընտիր անդամները չերդվեցին, քանի որ ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երկուսի դեպքում անհամատեղելիություն է առկա մյուս աշխատանքի հետ, եւ միայն դրանք կարգավորելուց հետո նրանք կարող են երդվել, որից հետո էլ, ըստ օրենքի, անհապաղ կստանձնեն լիազորությունները: Արդեն դրանից հետո նրանք կհավաքվեն եւ իրենց միջից կընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ:
Իսկ ինչպե՞ս է կատարվելու այդ գործընթացը.
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է.
- Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
- Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։
- Անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, եւ կազմակերպվում է նոր ընտրություն։
- Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:
Եվ չնայած ի սկզբանե ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու մտադրությամբ է հրաժարվել իր այժմյան պաշտոնից, սակայն անակնկալները չեն բացառվում: Բանն այն է, որ ի սկզբանե Վահե Գրիգորյանը հենց Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար էր գործուղվել Սահմանադրական դատարան, սակայն այդպես էլ նրա ծրագիրը չիրագործվեց, եւ չի բացառվում, որ այժմ նա փորձի իր ուժերը եւ ինքնաառաջադրվի:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՒՂԱՐԿԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-18-ը ներառյալ:
ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ Ազգային ժողովն ավարտեց գաղտնի քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արկադի Խաչատրյանին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու նպատակով: Նրա թեկնածությունը պաշտպանել է 96 պատգամավոր, եւս 4-ը դեմ է հանդես եկել: Այս պաշտոնում Խաչատրյանը կփոխարինի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին, որը ավելի վաղ հրաժարվել էր պատգամավորական մանդատից առողջական խնդիրների պատճառով:
ԱՊԱՐԱՏՆԵՐԸ՝ ՄԻԱՑՎԱԾ ՀԴՄ-ՆԵՐԻՆ
Տեսչական մարմինների գործունեության համակարգման գրասենյակը նախատեսում է առաջատար տեխնոլոգիաների միջոցով բենզալցակայաններում տեղադրված բենզալցման ապարատները միացնել ՀԴՄ ապարատներին: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստին՝ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների` ՀԴՄ կտրոնների տրամադրման վերաբերյալ հարցերին՝ ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի` տեսչական մարմինների համակարգման վարչության պետ Արթուր Ասոյանը: Նրա խոսքով` մոտ ժամանակներս Հայաստանում ավտոմատացված համակարգ կհայտնվի, ուստի բենզինով լիցքավորման ժամանակ գնորդին անմիջապես ՀԴՄ կտրոն կտրամադրվի: Սակայն Ասոյանը դեռ չի կարող ասել, թե կոնկրետ երբ է իրականացվելու այս գաղափարը:
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: ՀՀ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:
ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ««Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով հստակեցվում են զինծառայողներին գույքահարկի վճարման արտոնության եւ այդ իրավունքի դադարեցման պայմանները: նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
««Գույքահարկի մասին» օրենքի կրառման շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ գույքահարկի արտոնությունը կիրառող իրավասու մարմինը դադարեցրել է արտոնության կիրառումն այն զինծառայողների մասով, որոնք ժամկետի ավարտից հետո չեն զորացրվել զինծառայությունից եւ նոր պայմանագիր կնքելու միջոցով շարունակել են ծառայությունը: Այդ խնդիրը լուծելու նպատակով հստակ սահմանվում է, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո, օրենքով սահմանված կարգով, զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործում է համապատասխան չափերով գույքահարկի արտոնության իրավունքը»,-ասել է նա: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում շահառուների կազմի փոփոխություն տեղի չի ունենում: Գույքահարկի վճարման 100 տոկոս արտոնությունից օգտվելու են Զինված ուժերում եւ այլ զորքերում զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝ ներառյալ ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ստորաժանումներում ծառայություն անցնող զինծառայողները: Ռազմական ուսումնական հաստատությունն ավարտած եւ հետուսումնական պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների համար գույքահարկի արտոնությունը տարածվում է մինչեւ 40 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքի եւ մինչեւ 150 ձիաուժ ունեցող փոխադրամիջոցների վրա:
ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար արտոնյալ գործարարներ չկան: «Հուսով եմ` համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, եւ դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք»,-ասել է նա:
Կոմիտեն, նրա խոսքով, գործառույթներ է իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։ «Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,- վստահեցրել է Է. Հովհաննիսյանը: