Armlur.am-ի տեղեկություններով՝ Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին չկալանավորելու գործընթացին «խառնվել են» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինիս կալանավորման օրը դատարան է գնացել պատգամավոր Արթուր Դավթյանը:
Ինչպես հայտնի է, իրավապահ մարմինները տեւական ժամանակ է, ինչ թիրախավորել են դատական համակարգը: Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Արա Կուբանյանը։
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գեւորգ Նարինյանը հուլիսի 20-ին կալանավորվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր Աննա Մաթեւոսյանը մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավոր Աննա Մաթեւոսյանի այս որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են եւ՛ Կուբանյանի պաշտպանները, եւ՛ դատախազությունը։ Չնայած Կուբանյանը չի կալանավորվել, առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը, եւ Կուբանյանի պաշտպաններն այս մասով են Վերաքննիչ բողոք ներկայացրել։ Դատախազությունն էլ Վերաքննիչ բողոքով պահանջել է կալանավորել Կուբանյանին։ Վերաքննիչը եւս մերժել է, իսկ ԱԱԾ-ում նախաքննությունը շարունակվում է:
Եվ, ահա, Արա Կուբանյանին չկալանավորելը բավականին հետաքրքիր ընթացք է ունեցել: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի՝ վերջինիս չկալանավորման հարցում միջամտել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինիս կալանավորման օրը դատարան է գնացել պատգամավոր Արթուր Դավթյանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավորը խնդրել է կալանավորման միջնորդությունը քննող դատավորին մեղմ լինել նրա նկատմամբ եւ, եթե հնարավոր է, չկալանավորել: Արդյունքում դատավորը չի կալանավորել: Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Արթուր Դավթյանից՝ հասկանալու համար, թե նա որեւէ միջամտություն արել է, թե ոչ, եւ, առհասարակ, ինչու էր Կուբանյանի կալանավորման միջնորդության քննության օրը գնացել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Դավթյանը, անդրադառնալով տեղեկություններին, հայտնեց, որ չի կարող նման բան լինել. «Որեւէ միջամտություն չի եղել. եթե նման լուրեր էլ կան, ապա կատարյալ սուտ է, չի կարող նման բան լինել»: Մեր այն հարցին՝ ապա ինչու էր պատգամավորը Արա Կուբանյանի կալանավորման միջնորդության օրը գնացել դատարան, ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Ես չգիտեմ, որ իր խափանման միջոցի օրն է եղել, թե ոչ, ես ուղղակի մարդ կար, որին պետք է հանդիպեի, փաստաբան էր, գործով պետք է հանդիպեի ու հանդիպելու համար էի գնացել: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ 100 տոկոս նման բան չէի կարող անել եւ ոչ էլ արել եմ»:
ԱԺ պատգամավորը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ եթե իրավապահները քննություն իրականացնեն՝ հասկանալու համար՝ արդյոք Արա Կուբանյանի խափանման միջոց կալանավորման համար պատգամավորներն են արդյոք մտել դատավորի մոտ եւ միջամտություն արել, կհաստատեն, որ ինքը որեւէ միջամտություն չի արել, եւ որեւէ մտավախություն չունի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
2020թ. օգոստոսի 31-ին կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն են ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ Հարթաշեն բնակավայրի 21-ամյա բնակիչը 2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 00:30-ի սահմաններում՝ իր տան հարեւանությամբ բարձր հնչող երաժշտությունն անջատելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, ծեծել է հարեւանին: Այնուհետեւ 21-ամյա երիտասարդը, «Սովխոզ» կոչվող տարածքի հարեւանությամբ շարունակելով պարզաբանումները, մի խումբ համագյուղացիների հետ քաշքշուկի եւ փոխադարձ կռվի ընթացքում իր մոտ պահած դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ բազմաթիվ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով նույն համայնքի 18-ամյա երիտասարդին պատճառել է որովայնի առաջնային պատի, գոտկային եւ պոչուկային շրջանի ծակած-կտրած վերքեր, իսկ 30-ամյա համագյուղացուն դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վգանտավոր ծանր մարմնական վնասվածքներ:
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից շուրջ 2 տարի առաջ ընկերոջն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: 2018թ. նոյեմբերի 1-ին Գառնի գյուղի 33-ամյա բնակիչը՝ ընկերոջ՝ 33-ամյա համագյուղացու եւ մի քանի այլ ընկերների հետ ճաշել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող ռեստորանային համալիրում: Խնջույքի ավարտից հետո 33-ամյա տղամարդու եւ վերոնշյալ ընկերոջ միջեւ վերջինիս կողմից գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում նշված համալիրի ավտոկայանատեղիում տղամարդը երկու անգամ հարվածել է ընկերոջ քթին եւ աչքին: Այնուհետեւ վերջինիս եւ մյուս համագյուղացու հետ միասին իր վարած մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է: 33-ամյա տղամարդը ընկերոջը հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է, եւ երբ վերջիններս դուրս են եկել ավտոմեքենայից, հարվածներ է հասցրել ընկերոջ գլխի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Հանցավոր արարքը թաքցնելու նպատակով 33-ամյա տղամարդը համագյուղացու հետ տուժողին տեղափոխել է «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ 33-ամյա տղամարդը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե, իբր, ընկերը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հետեւանքով եւ կորցրել գիտակցությունը: Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Գառնի գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է:
ԶՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ խորհրդարանում քննարկվել է Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Սահմանվելու է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության հետեւյալ պարբերականությունը.
1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում,
2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի՝ ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ եւ դրանց կցորդներ՝ տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ,
3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի՝ ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ` երկու տարին մեկ անգամ,
4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավելի տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ, մոտոցիկլներ` տարին մեկ անգամ,
5) թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը ՃՈ-ում առաջին անգամ հաշվառելը,
6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:
7 ՄԻԼԻՈՆԻ ՎԱՏՆՈՒՄ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը 2019-2020թթ. ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թվով 5 անձանց հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում եւ հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված եւ վճարված աշխատավարձերի փաստաթղթեր, միանվագ պարգեւատրման մասին հրամաններ: Այնուհետեւ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից վերջիններիս անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ: