ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» կառավարության ծրագրից կարող էին օգտվել միայն երիտասարդ ընտանիքները։

 

«Ազգային հիփոթեքային ընկերությունը» որոշել է աջակցել երկրի աշխատող երիտասարդ քաղաքացիներին (մինչեւ 30 տարեկան), ովքեր դեռեւս չեն ամուսնացել։ Քաղաքացիների այս խմբի համար ընկերությունը նախատեսել է հիփոթեքի կանխավճարի զգալի նվազեցում։ Այսինքն, պոտենցիալ վարկառուները, ովքեր ունեն համապատասխան եկամուտ, կկարողանան դիմել «Ազգային հիփոթեքային ընկերության» գործընկերներին` բանկերին եւ վարկային կազմակերպություններին, եւ ստանալ հիփոթեք ավելի հասանելի պայմաններով։

Երիտասարդ, չամուսնացած, աշխատող քաղաքացիների համար ԱՀԸ-ն մասնավորապես նվազեցրել է կանխավճարը` 30%-ից դարձնելով 7,5%, սակայն նման ցածր կանխավճարով հիփոթեքը նախատեսում է լրացուցիչ պայմաններ` մեկ այլ անշարժ գույքի գրավ կամ կանխավճարի ապահովագրություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ 30 տարեկան անձինք միշտ չէ, որ ունենում են անշարժ գույք` այն գրավադրելու համար, նրանց ավելի հարմար կլինի վերցնել հիփոթեք հենց կանխավճարի ապահովագրությամբ։ Նման հիփոթեք ստանալու պայմաններից է նաեւ բնակարանի ձեռքբերումը կառուցապատողից կամ նոր տան ձեռքբերումը։ Բացի այդ, ԱՀԸ-ի ծրագրի շրջանակում կա եկամտահարկի վերադարձի հնարավորություն` հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար։

Կանխավճարի ապահովագրության գումարը կախված է բնակարանի գնից։ Տարբեր ապահովագրական ընկերություններ առաջարկում են ապահովագրության տարբեր պայմաններ։ Այսպես, ԱՀԸ-ի ծրագրերի շրջանակում կանխավճարի ապահովագրությունը հասնում է տարեկան 3%-ի։ Կարեւոր է իմանալ, որ վարկառուն ապահովագրում է 30% եւ 7,5% կանխավճարի տարբերությունը, այսինքն՝ կանխավճարի չվճարված մասը` 22,5%-ը։ Ենթադրենք՝ հիփոթեքով ձեռք բերվող բնակարանն արժե 20 մլն դրամ, այդ ժամանակ ԱՀԸ-ի բազային պայմաններով կանխավճարը կկազմի 5 մլն դրամ (30%), իսկ նոր, արտոնյալ պայմաններով` 1,5 մլն դրամ (7,5%)։ Որպես ապահովագրություն կհաշվարկվի հենց այդ գումարների տարբերությունը, այսինքն` 4,5 մլն դրամը։ Արդյունքում, կանխավճարի ապահովագրությունը կկազմի 136 հազար դրամ առաջին տարվա համար (3%) կամ ամսական 11 250 դրամ։ Շատ կարեւոր է նշել, որ կանխավճարի ապահովագրության ծախսերը յուրաքանչյուր տարի կնվազեն` հիփոթեքի մարմանը զուգահեռ։ Բացի այդ, կանխավճարի ապահովագրություն չի պահանջվում հիփոթեքի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Եթե վարկառուն բարեխիղճ կերպով վճարի վարկը` բնակարանի արժեքի մինչեւ 70%-ի չափով, ապա այլեւս չի վճարի ապահովագրության համար։ Այսպիսով, կանխավճարի ապահովագրության ամբողջական գումարը կախված կլինի բնակարանի արժեքից։ Որքան թանկ է բնակարանը, այնքան ավելի մեծ կլինեն ապահովագրության գծով վճարները։

Ծրագրում մասնակցելու համար եկամտի շեմը կարեւոր չէ։ ԱՀԸ-ի ծրագրերի շրջանակում կարեւոր է հիփոթեքի ամսական վճարների եւ վարկառուի եկամտի հարաբերակցությունը, որը չպետք է գերազանցի 45%-ը։ Այսինքն՝ վարկառուն չի կարող հիփոթեքի վճարին հատկացնել իր եկամտի 45%-ից ավելի գումարը։ Եկամտի մակարդակն այդքան էլ նշանակություն չունի, եթե բնակարանը թանկ է, ապա եկամուտը եւս պետք է բարձր լինի։ Օրինակ՝ եթե դուք ամսական ստանում եք 200 հազար դրամ (աշխատավարձ եւ այլ եկամուտներ), ապա հիփոթեքի մասով ամսական վճարները չպետք է գերազանցեն 90 հազար դրամը։ Բացի այդ, վարկառուն պետք է ունենա եկամուտը հաստատող փաստաթղթեր։ Սակայն ԱՀԸ-ն չի սահմանափակում իր ծրագրերի շահառուներին, եթե եկամուտը չի բավարարում պահանջները։ Այդ դեպքում ընկերությունը հնարավորություն է տալիս վարկառուին հիփոթեք վերցնել համավարկառուի հետ, ինչը թույլ կտա հաշվի առնել նրանց ընդհանուր եկամուտը։ Բացի այդ, պետության կողմից վերադարձվող եկամտահարկն ԱՀԸ-ի ծրագրի շրջանակում եւս դիտարկվում է որպես եկամուտ։

ԱՀԸ-ի ծրագրերի շրջանակում հիփոթեք ստանալու համար հարկավոր է դիմել ԱՀԸ-ի գործընկեր բանկեր եւ վարկային կազմակերպություններ։ Գործընկերների ամբողջական ցանկը կարելի է գտնել Ազգային հիփոթեքային ընկերության կայքում (http://www.nmc.am/)։ Հիփոթեքի հաստատումից եւ տրամադրումից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունն այդ վարկը փոխանցում է ԱՀԸ-ին` վերաֆինանսավորման համար։

 

 

10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Կոխլիկյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ  նա պաշտոնատար անձին միջնորդի միջոցով կաշառք տալու դիտավորությամբ  2020թ. մայիսի 21-ին Կալինինի  փողոցի բնակիչ Սասուն Գրիգորյանի դրդմամբ նրան տվել է 10 հազար դրամ պաշտոնատար անձ հանդիսացող  ՀՀ ոստիկանության ճանապարհային  ոստիկանության Իջեւանի հաշվառման  եւ քննական բաժանմունքի տեսուչ Արծիվ Արտավազդի Մեջինյանին որպես կաշառք փոխանցելու՝ գործնական քննության  արդյունքը փոխելու եւ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար։

 

Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Արթուր Կոխլիկյանի գործնական քննության  արդյունքը փոխվելու եւ վարորդական  իրավունքի վկայական ստանալու համար շահագրգռելով, դրդել է  վերջինիս իրեն տալ  10 հազար դրամ՝ տեսուչ Արծիվ Մեջինյանին որպես կաշառք փոխանցելու համար: Սակայն  վերջինս չի վերցրել  առաջարկված գումարը  եւ  հրաժարվել  է, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արթուր Կոխլիկյանի օգտին որեւէ գործողություն  կատարել։ Ա. Կոխլիկյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 1-ին մասով, Ս. Գրիգորյանին՝ 38-312 հոդվածի  1-ին մասով եւ 34-313 հոդվածի 1-ին մասով։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունը  սեպտեմբերի 14-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

Սեպտեմբերի 10-ին  Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի եկեղեցու հրապարակում կայացած հանդիպումից առաջ Գագիկ Ծառուկյանին դիմավորել են աղուհացով։ Իր ելույթում Գ. Ծառուկյանը կարեւորել է  սահմանագոտու բնակիչներին սատարելը, քննադատել Հայաստանի իշխանությունների  վարած քաղաքականությունը։ Նա, անսալով Ոսկեվանի մարզադպրոցի մարզչի խնդրանքին, խոստացել է օգնել մարզադպրոցի նորոգմանը եւ մարզագույքով համալրմանը։ Նա ոսկեվանցիներին խոստացել է հողահատկացման եւ շինթույլտվության առկայության դեպքում  Ոսկեվանում կառուցել  արարողություննների սրահ, նաեւ խոստացել  ցեմենտով աջակցել գյուղամիջյան ճանապարհների հենապատերի ամրացման աշխատանքներին։ Ոսկեվան գյուղում հանդիպման ժամանակ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները  դիմակ չկրելու համար զգուշացրել են Գագիկ Ծառուկյանին, ապա այդ կապակցությամբ արձանագրություն կազմել։

 

ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորում են դպրոցի վթարային շենքում: Դեռ 2019թ. գարնանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը նոր էր ստանձնել մարզի ղեկավարումը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարեց, որ աշակերտները  պետք է դուրս գան այդ  կառույցից, չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում: 39 աշակերտ ունեցող հիմնական դպրոցում մեկնարկած ուսումնական տարում դասերը տեղի են ունենում Կիրանցի համայնքապետարանին պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, ուր անցյալ տարի նորոգում է կատարվել, դասասենյակներ են ձեւավորվել: Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ արդեն առկա է շինթույլտվություն. 2020 թվականին՝ 2 տարվա ընթացքում, պետական բյուջեի ֆինանսավորմամբ գյուղի հարավային մուտքի  մոտ  կառուցվելու է շուրջ 100 աշակերտի համար նախատեսված դպրոցի շենք, իսկ դպրոցի հին շենքը հիմնանորոգելու դեպքում շենքը կտրվի բնակարանի կարիք ունեցող սահմանամերձ Կիրանց գյուղի երիտասարդ ընտանիքներին։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս