ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան եւ կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, եւ ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Եվ այդ նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը, եւ խոսքը վերաբերում է նախարարների եւ փոխնախարարների հաստիքների փոփոխությանը: Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու: Եվ, մեր տեղեկություններով, այդ պատգամավորների թվում է նաեւ Արման Բոշյանը, եւ այժմ քննարկվում է նրան տանելու եւ որեւէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը: Դրան զուգահեռ նիստի ժամանակ քննարկվել է նաեւ պատգամավոր Սուրեն Գրիգորյանին արդարադատության փոխնախարար նշանակելու մասին հարցը Սրբուհի Գալյանի փոխարեն: Սակայն այս հարցում դեռ միասնական որոշում առկա չէ, եւ վարչությունում ոչ բոլորն են կողմ եղել այդ տարբերակին: Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ապա այս հարցում ավելի շահագրգիռ է հենց պատգամավորը, եւ նա է ցանկանում օրենսդիրից տեղափոխվել գործադիրում աշխատելու: Նկատենք նաեւ, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստում անդրադարձ է եղել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ընդ որում՝ վերջինս էլ ներկա է եղել նիստին: Նրա հետ կոպիտ են խոսել եւ ասել, որ ընդդիմությունը կենտրոնացել է նախարարի աշխատանքի վրա, եւ պետք է խնդիրները քննարկել: Հավելենք, որ հիմնականում կադրային փոփոխությունները քննարկվում են հենց այս ձեւաչափով, եւ Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ գործուղելու որոշումը եւս այսպես է կայացվել: Հավելենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված տեղափոխումները կավարտվեն:

 

 

 

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուց հետո կրքերը չեն հանդարտվում: Այժմ էլ դատական համակարգը որոշում է, թե ում պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, եւ այստեղ էլ խնդիրներն անպակաս են: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ «Դատական դեպարտամենտը պետք է կազմի եւ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»: Եվ, ահա, այս գործընթացից դուրս են մնացել Ստեփան Միքայելյանը, որը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, մյուսը՝ Էդգար Սեդրակյանը, որի մասով չի բավականացրել միայն ստաժը, քանի որ երեք տարուց պակաս փորձառություն է ունեցել տվյալ դատարանում: Եվ արդյունքում ընտրությունը թերեւս կանգ առնի Գոռ Հակոբյանի վրա, չնայած պայքարից դեռեւս չի ցանկանում դուրս գալ Լիլիթ Թադեւոսյանը՝ հայտնի դատախազ Զելիմի դուստրը, որն էլ խորհրդարանում ներկայացրեց Երվանդ Խունդկարյանին՝ որպես ՍԴ անդամի թեկնածու: Թե ում վրա կանգ կառնի թեկնածությունը, ցույց կտա ժամանակը: Նկատենք, որ արդեն իսկ որոշված է, որ այդ գործընթացը համակարգելու է անձամբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ գալով խորհրդարան եւ ներկայացնելով իրենց թեկնածուին:

 

 

ԱԺ ԲՀկ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հույսերը չեն արդարանում: Սերգեյ Բագրատյանը իր որոշման մասին հայտնել էր հուլիսի 23-ին, եւ դրանից հետո այն բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Եվ չնայած խմբակցության անդամները հայտարարում էին, թե չգիտեն Բագրատյանի որոշման պատճառները, սակայն տարբեր տեղեկություններ հրապարակվեցին, որ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցված, եւ նա շուրջ 50 մլն դրամի պարտավորություն ունի, որը պետք է վերադարձնի պետությանը: Եվ, ահա, պատգամավորը հույս է ունեցել, թե դուրս գալով խմբակցությունից եւ կուսակցությունից՝ նրան ներվելու է ամեն ինչ, եւ անգամ գումար վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Սակայն իրականում այդպես չէ, եւ վերջերս Սերգեյ Բագրատյանին ասել են, որ նա պետք է կոպեկ առ կոպեկ բերի եւ վճարի աբողջ գումարը: Նկատենք, որ Սերգեյ Բագրատյանը կրկին ընդհատակում է, այժմ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին եւ, առհասարակ, չի շփվում ոչ մեկի հետ: Այսպիսով, Սերգեյ Բագրատյանին ասել են, որ, միեւնույնն է, պետք է ամբողջ գումարը նա վերադարձնի:

 

 

2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,881.98 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.49%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 16.93%-ով եւ 18.91%-ով: ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3,645.7 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 11.19%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 18.55%-ով եւ 22.15%-ով:  Նկատենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։ 2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել եւ այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։ Իսկ  ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,967.29 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 8.784%-ով, իսկ 2019 եւ 2018թթ? օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 14.26%-ով եւ 17.82%-ով, իսկ  ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,482.36 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.47%-ով, իսկ 2019 եւ 2018թթ?օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.84%-ով եւ 21.03%-ով:

 

 




Լրահոս