ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ խմբակցության ներսում տիրող իրավիճակի եւ իմքայլական որոշ պատգամավորների՝ մանդատները վայր դնելու հավանականության մասին:
-Տիկի՛ն Բադալյան, վերջին ժամանակահատվածում, կարծես թե, սկսել են շատ քննադատել Ձեր խմբակցությանը, ու, ըստ տեղեկությունների, խմբակցությունում էլ տարբեր դժգոհողներ կան՝ ի դեմս Արսեն Ջուլֆալակյանի, որը հայտարարեց, թե խնդիրը ԿԳՄՍ նախարարի հետ է, ու մանդատը վայր դրեց: Ի՞նչ է կատարվում, իսկապե՞ս ընդդիմությունը ճիշտ է, իսկապե՞ս դժգոհություն կա ձեր ներսում, հրաժարականի պահանջներ դրվո՞ւմ են:
-Թերեւս թույլ չէի տա այդպես պատասխանել, որովհետեւ դժգոհություններ միշտ կան եւ կլինեն: Ես դա դրական առումով նկատի ունեմ: Այն պահից, երբ բոլորս իրար հետ կլինենք միանշանակ համաձայն եւ ընդհանրապես իրար չենք քննադատի եւ խնդիրներ չենք բարձրացնի, դա կլինի կործանման սկիզբը: Այս կործանումը ոչ թե մեր ներքաղաքական թիմի, այլ պետության համար բավականին լուրջ բացասական հետեւանքներ կունենա: Այսինքն՝ քանի դեռ քննադատություններ կան, իրար նկատմամբ դժգոհություններ կան, քանի դեռ կարողանում ենք հարցերը նկատել եւ բարձրացնել եւ չասել, որ մեր քաղաքական թիմը ամենաճիշտն, ես դրան շատ դրական եմ նայում: Շատ ցավում եմ Արսեն Ջուլֆալակյանի հեռանալու համար, որովհետեւ նա հենց այն պատգամավորներից էր, որ գիշեր-ցերեկ աշխատում էր իր ոլորտի խնդիրների բարձրաձայնման եւ դրանց լուծման ուղղությամբ: Այսինքն՝ մենք բոլորս ենք տեսնում դա: Այնպես չէ, որ նստեց,նստեց ու որոշեց՝ իրեն հարմար չէ, եւ գնաց:
-Այսինքն՝ հուսանացե՞լ էր այդ պահը:
-Ինձ համար ցավալի է, եւ ես վստահ եմ, որ նրա այս քայլը նրա համար էր, որ գուցե եւ նախարարները շատ զբաղված են, շատ բաներ են կուտակվել, եւ նրանք չեն հասցնում: Բայց սա մի փոքր նաեւ սթափեցնող քայլ կլինի: Ոչ միայն ԿԳՄՍ նախարարը, այլ նաեւ մյուս նախարարները զգույշ կլինեն՝ հարցերի վերաբերյալ առաջնահերթությունները ճիշտ դնելով, համենայնդեպս, հատկապես պատգամավորների կողմից բարձրացված հարցերին ուշադրություն դարձնելու: Ինչո՞ւ եմ ասում հատկապես. մենք հարց լուծող չենք, բայց հասարակության հետ կապը պատգամավորի միջոցով է լինում: Այսինքն՝ մեզ են անընդհատ տեսնում, խոսում, մենք շատ մանրամասնորեն, նույնիսկ շատ կենցաղային հարցերից ենք տեղյակ, եւ պարտավոր չէ նախարարը նման հարցերից տեղյակ լինել: Այսինքն՝ պատգամավորը, որը միջնորդ է հասարակության եւ կառավարության միջեւ, ապա նախարարը շատ մեծ ուշադրություն պետք է հատկացնի: Նկատի ունեմ բոլոր նախարարներին եւ կառավարության անդամներին, եւ թերեւս ինչ-որ մի բան գուցե էնպես չէր ստացվել, որ հասցրեց այս քայլին:
-Տիկի՛ն Բադալյան, ըստ Ձեզ՝ սա ինչի՞ հետեւանք է, որ կտրվեց կապը օրենսդիրի եւ գործադիրի միջեւ: Կարելի է ասել, որ միմյանց չեն լսում, գրեթե բոլոր նախարարների հետ կտրվել է կապը: Ինչո՞ւ կապը չի ստացվում:
-Անկեղծ, չեմ կարող ասել: Բոլորս ունենք մեր ենթադրությունները: Այս հարցի վերաբերյալ ունենք մեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մոտեցումները: Ինձ թույլ չեմ կարող տալ իմ ենթադրությունների մասին բարձրաձայնել:
-Իսկ Ա. Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելը սթափեցրե՞ց: Դուք ներքին քննարկումներին մասնակցե՞լ եք: Ի՞նչ են մտածում խմբակցությունում:
-Խմբակցության առումով կարող եմ ասել, որ բոլորն էլ շատ ցավում են, որ այսպես է ստացվել: Բոլորս էլ փնտրում ենք ինչ-որ ճանապարհներ հետագայում նման իրավիճակները կանխելու համար, որպեսզի նման բաներ չլինեն: Սա մեկ քաղաքական թիմ է, եւ պետք է նման խնդիրներ չլինեն:
-Իսկ առաջիկայում կլինե՞ն այդպիսի պատգամավորներ, որոնք չկարողանան հարցեր լուծել, ելքեր գտնել, որոշեն ու պարզապես մանդատը վայր դնեն: Նման տրամադրվածություն կա՞ Ձեր խմբակցությունում:
-Չեմ կարող ասել՝ նման տրամադրվածություն կա, համենայնդեպս, եթե Դուք երկու շաբաթ առաջ ինձ հարցնեիք, իմ կամ որեւիցէ մեկի մտքով կանցնե՞ր, որ նման բան կլիներ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՈՐՈՇՈՒՄ՝ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՍՈՎ
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մասով ՀՀ վարչական դատարանը կայացրեց որոշում: Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի պաշտպանները Վարչական դատարան հայց էին ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ։ Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն եւ համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնող պահանջով է:
Այս հայցադիմումը մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին: Նա նշել է, որ իրենք գիտակցում են, որ Վարչական դատարանում նիստերը կարող են տարիներ տեւել, այդ պատճառով դատարան են դիմել ավելի շատ իրավունքի խախտումը արձանագրելու եւ ՄԻԵԴ դիմելու համար:
Լեւոն Բաղդասարյանը փոխանցել էր, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ն իրականացրեց անհապաղ միջոցառումներ։ Դրանցից մեկի համաձայն` առաջնահերթության կարգով լսվելու էր պաշտպանական կողմի գանգատը դաժան վերաբերմունքի, խոշտանգման փաստի ու անօրինական կալանքի հետ կապված։ Երբ կալանքը փոխեցին, ՄԻԵԴ-ը տեղեկացրեց, որ գործը, միեւնույնն է, գտնվում է իր վարույթում։ Ըստ փաստաբանի` խնդիրն այն է, որ առողջապահության նախարարն այնուամենայնիվ պետք է տա հստակ պատասխան` արդյոք հնարավոր է Մանվել Գրիգորյանին բուժել Հայաստանում, թե ոչ։ Բայց քանի որ նախարարությունում լավ գիտեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին, խուսափում են հետագա պատասխանատվությունից` հարցը գցելով մեկմեկու վրա։ Բաղդասարյանի խոսքով` իրենք հիմա փորձում են Առողջապահության նախարարության անգործությունը վիճարկել Վարչական դատարանում։
4 ամիս տեւած դատաքննությունից հետո ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը կայացրեց որոշում եւ վճռեց Մանվել Գրիգորյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ Ֆրանսիայի Վալ Դ՛ Օրի բժշկական կենտրոնում Մանվել Գրիգորյանի հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու համար բժշկական հանձնաժողով հրավիրելուն եւ համապատասխան եզրակացություն տալուն ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:
Ասել է թե՝ դատարանը եւս մերժեց ԱԺ նախկին պատգամավորի բուժման հարցը Ֆրանսիայում կազմակերպելու գործընթացը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտպանական կողմը այս որոշումը կբողոքարկի ՀՀ վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու եւ շորթմամբ 37.101.100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով նրա առողջական վիճակից, որոշեց խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՐԾԸ՝ ԱԱԾ-ՈՒՄ
ՊԵԿ-ի կողմից ԲՀԿ-ի գործողությունների մասով նոր հարուցված քրեական գործը ուղարկվեց Ազգային անվտանգության ծառայություն: Ինչպես հայտնի է, ընտրողներին կաշառք տալու եւ ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված, 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման եւ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ:
Նկատենք, սակայն, որ Արարատի մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներ Կարինե Պողոսյանն ու Տիգրան Ստեփանյանը զարմացած էին ՊԵԿ տարածած հաղորդագրությունից, նաեւ վստահ, որ բացահայտումներն իրենց չեն հասնելու: Հավելենք, որ այս բացահայտումների մասով հարուցվել է քրեական գործ՝ 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով, որն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար: Դատախազությունը գործը ուղարկել է ԱԱԾ:
ՀԱՅՑ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետ Արմեն Վարդանյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Վերջինս դատարանում պահանջում է 2019թ. մարտի 29-ի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հայցվորի նկատմամբ կիրառված՝ ՀՀ առաջին փոխվարչապետի 2018թ. հուլիսի 31-ի որոշումներն անվավեր ճանաչել եւ, որպես հետեւանք, տեսչական մարմնի ղեկավարի 2020թ. մայիսի 6-ի եւ 2020թ. մայիսի 8-ի հրամանները վերացնել, հայցվորին զբաղեցրած պաշտոնում կամ դրան համարժեք պաշտոնում վերականգնել կամ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցել, հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածում չստացված եկամուտը վերականգնել: