Սահմանադրական դատարանն արդեն երեք նոր դատավոր ունի: Ազգային ժողովը ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Վաղարշյանինը՝ նախագահը, Շաթիրյանինը՝ կառավարությունը: Ընտրված դատավորներն իրենց լիազորությունը ստանձնում են ԱԺ-ում երդման արարողությունից հետո։ Այսօր թեկնածուները չերդվեցին, քանի որ նրանցից երկուսի դեպքում այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կար:
Նշենք, որ ՍԴ-ում թափուր տեղերն առաջացան հունիսին ընդունված սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո, երբ ՍԴ նախագահի պաշտոնից հեռացվեց Հրայր Թոմվասյանը, եւ իրենց պաշտոնը կորցրեցին 12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորները։
Սակայն դատական համակարգում կատարվող փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվի, եւ առաջիկայում արդեն պետք է խորհրդարանում տեղի ունենա Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություն:
Իսկ ի՞նչ է ասում օրենքը:
ՀՀ սահմանադրության 166-րդ հոդվածն ասում է.
«Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ»:
Իսկ, ահա, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ը ասում է.
«Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս, եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:
Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայներ ստացած թեկնածուն:
Քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին նրա անձնական գործի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով՝ պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:
Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով»:
Եվ, ահա, իշխանությունները, կարծես թե, կողմնորոշվել են, որ թեկնածուն պետք է լինի Գոռ Հակոբյանը: Բանն այն է, որ երկու թեկնածու դուրս է մնացել գործընթացից, մեկը Ստեփան Միքայելյանն է, որը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, մյուսն էլ՝ Էդգար Սեդրակյանը, որը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի փեսան է, եւ գործընթացին մասնակցելու համար չի բավականացրել միայն ստաժը, քանի որ երեք տարուց պակաս փորձառություն է ունեցել: Եվ արդյունքում մնացել է միայն Գոռ Հակոբյանը, սակայն պայքարից դեռեւս չի ցանկանում դուրս գալ Լիլիթ Թադեւոսյանը՝ հայտնի դատախազ Զելիմի դուստրը, որն էլ խորհրդարանում ներկայացրեց Երվանդ Խունդկարյանին՝ որպես ՍԴ անդամի թեկնածու: Թե ում վրա կանգ կառնի թեկնածությունը, ցույց կտա ժամանակը:
Նկատենք, որ արդեն իսկ որոշված է, որ այդ գործընթացը համակարգելու է անձամբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ գալով խորհրդարան եւ ներկայացնելով իրենց թեկնածուին: Նա կարող է ընտրվել ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ:
Իսկ, ահա, արդեն Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն էլ կարող է լինել ՍԴ նախագահ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԱՅԹԱՔԵԼ Է ՈՒ ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամաս, սակայն մինչեւ շտապ օգնության խմբի՝ տեղ հասնելը քաղաքացին մահացել է: Պարզվել է, որ մահացածը Ախթալայի բնակիչ 57-ամյա Կամո Բարսեղյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում աշխատակիցների ներկայությամբ էլեկտրականության հետ կապված աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է, մոտ 6 մետր բարձրությունից վայր ընկել եւ տեղում մահացել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՄԵՔԵՆԱ Է ԱՌԵՎԱՆԳՎԵԼ
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա են առեւանգել: Որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ մեքենան փախցրել է Ռուբեն Սեւակի փողոցի 50-ամյա մի բնակիչ: Նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, կասկածվողը, առեւանգած մեքենայով հանդերձ, Տիչինայի 3-րդ փողոցում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
Հակառակորդի հերթական սադրանքի հետեւանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային եւ բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը: Ստեղծված իրավիճակի եւ սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերեւույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ. մինչեւ 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների եւ պարգեւավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական եւ մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգեւավճարների 50 տոկոսը, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին
Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում սեպտեմբերի 15-ին ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ սկսվել է ծառայողական քննություն: «Ոստիկանությունը միշտ հետեւողական է եղել նման երեւույթները կանխելու եւ բացառելու հարցում եւ այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսեւորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի եւ օրինականության ամրապնդման գործընթացը»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Րաֆֆու փողոցում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների եւ մի կնոջ մասնակցությամբ, որի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել կնոջը դիմակ չկրելու պատճառով: