ՀՀ Ազգային ժողովը սահմանեց COVID-19-ի հաղթահարման հարցում կառավարության, պարետատան քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը ԱԺ նիստում ստացավ 110 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:
ԱԺ պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Ինչպես տեղեկացրել էր նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, առաջարկել են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, այսինքն՝ 7 անդամ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, եւ 2 անդամ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ վարման կարգով իր ելույթում շեշտեց՝ ամբողջ աշխարհում համավարակը դեռ հաղթահարված չէ: «Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ պաշտպանիչ, կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրությանը զերծ պահել վարակից: Հետեւաբար մնում են այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է: Այնուամայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, կառաջադրի պատգամավորների, որոնք կներգրավվեն կազմում»,-ասաց Մակունցն ու շեշտեց՝ չեն գտնում, թե այն այս փուլում լինելու է արդյունավետ:
Նախորդ օրը այս հարցը բուռն քննարկվել էր խորհրդարանի նիստերի դահլիճում: Տարբեր պատգամավորներ հայտնել էին տարբեր տեսակետներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը շեշտել էր՝ պետք է գույքագրեն, ֆիքսեն, թե ինչն է թերի արվել, ինչն է ճիշտ արվել: «Քննիչ հանձնաժողովը, բացի խնդիրները ֆիքսելուց, նաեւ պետք է լուրջ առաջարկներ անի, թե հետագայում ինչ պետք է անենք, որ ե՛ւ թվերը լավացնենք, ե՛ւ տարածաշրջանում ավելի լավ դիրքում լինենք»,-նշել էր պատգամավորը:
ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանը նշել էր՝ ապահովագրելու համար հետագա սխալները պետք է բոլոր հնարավոր տարբերակներով բացահայտեն այն բոլոր սխալ միջոցառումները, որ եղել են: «Անհնար է, որ նման հսկայածավալ աշխատանքի ընթացքում չլինեն սխալներ»,-ասել էր նա:
«Իմ քայլը»-ից Ալեն Սիմոնյանը շատ դրական էր գնահատել հանձնաժողովի ստեղծումը, ցանկություն հայտնել ընդգրկվել կազմում: «Բայց ոչ այն կոնտեքստում, որ այստեղ հաճախ նշվում է: Ես ուզում եմ մենք այստեղ քննարկենք նաեւ այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն կոնկրետ մարմինների ներկայացուցիչների կողմից, այլ նաեւ ընդդիմության գործընկերների կողմից»,-ասել էր Սիմոնյանը:
Ն.Պ.
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՒՄ՝ ՎԱՆԱՍԱԲԵՐ ԾՐԱԳՐԵՐ
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,3%-ը 2020-ի երկրորդ եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%.
Հայաստանում այն օգտատերերի բաժինը, որոնք 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել են ֆինանսական համակարգչային գրոհների, կազմել է 0,5%, իսկ Վրաստանում եւ Ադրբեջանում՝ 0,7%։ Այս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:
2020-ի ապրիլ-հունիսին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Թուրքմենստանում՝ 7,5%, որին հաջորդում են Ուզբեկստանը (5,7%) եւ Տաջիկստանը (5,6%)։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2020-ի երկրորդ եռամսյակում հետ են մղվել աշխարհի 181 725 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 228 206-ի փոխարեն։
Կիբեռհանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ եւ փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների եւ վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաեւ սպամի, ֆիշինգի եւ ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային եւ կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում բանկային քարտերի եւ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը։
Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը եւ վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները եւ դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար եւ ավտոմատ ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։
ԽՍՏԱՑՆԵԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցն ու Հերիքնազ Տիգրանյանը նոր օրենքի նախագծով առաջարկում են խստացնել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը:
«Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Հիմա մենք ավելացնում ենք նաեւ երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որոշ դեպքերում, օրինակ, «Կրթության մասին» կամ «Մասնագիտական կրթության մասին» օրենսդրությամբ՝ այդ ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կարգավորվում է այդ օրենսդրությամբ: Դրա համար սա չի վերաբերվի, օրինակ, դպրոցների տնօրենների ընտրությանը»,-ասաց Կարապետյանը:
Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապատասխան օրենսդրությամբ: Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն, եւ այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: «Մենք գտնում ենք, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել»,- նշեց Կարապետյանն ու հավելեց՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, սակայն, փոփոխություն կկատարեն, կսահմանեն, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի:
Սահմանվում է նաեւ, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ եւ բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը եւ պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:
Ինչ վերաբերում է տնօրենի ժամանակավոր պաշտոնկատարի նշանակմանը, սահմանվում է, որ վեց ամիս ժամկետով կարող է նշանակվել, եւ ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ նույն մարդը 12 ամսից ավելի չի կարող ժ/պ նշանակվել, անգամ եթե տնօրենի ընտրության մրցույթը չի կայացել:
Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը: