«ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՁ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՀՈՒՄ». ԼԵՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լենա Ղազարյանը վերջին շրջանում բավականին ակտիվ ստեղծագործական փուլում է գտնվում  եւ շատ շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր անակնկալներ եւ երգեր:  Ստեղծագործական նորությունների եւ այլ հետաքրքիր թեմաների մասին երգչուհին խոսել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:

 

«Իմ նոր տեսահոլովակից անցել է ընդամենը մեկ ամիս, բայց շուտով պատրաստվում եմ իմ երկրպագուներին  նոր երգեր ներկայացնել: Առաջին երգը լինելու է պարային, ռիթմիկ, ուրախ երգ, իսկ մյուսը՝ ստացված սիրո մասին»,-նշում է նա:

Անդրադառնալով նաեւ ոճային նախասիրություններին՝ Լենա Ղազարյանն ընդգծում է, որ առօրյայում նախընտրում է կրել սպորտային հագուստներ. «Ես եմ միայն իմ հագուստի ոճը որոշում, ես ինքս եմ ընտրում եւ առհասարակ սիրում եմ  շատ ջինսային եւ սպորտային հագուստներ կրել առօրյայում, իհարկե դասական ոճին էլ եմ կողմ, եւ քանի որ իմ ասպարեզի բնույթն այնպիսին է, որ դասականը պետք է  գերակշռող մասը կազմի, բայց ինձ մոտ հիսուն-հիսուն է, կրում եմ ե՛ւ դասական, ե՛ւ սպորտային ոճի հագուստներ»:

Իսկ աքսեսուարներից երգչուհին  հիմնականում սիրում է կրել օղեր եւ թեւնոցներ, իսկ մատանիներ կրել այնքան էլ չի սիրում. «Ես ունեմ երեք  թեւնոց, որոնք միշտ ինձ հետ են:  Թեւնոցները ամերիկյան «Անի» բրենդից են, եւ Պանդոռան, բայց հիմնականում այդ երեք թեւնոցներն են, որոնք ունեն խորհուրդներ ինձ համար թանկ՝ մեկն ունի երջանկության խորհուրդ, մյուսը՝ առողջության, եւ երրորդը՝ արեւի եւ էներգիայի խորհուրդ, եւ դրանք միշտ իմ ձեռքին են լինում»:

Խոսելով նաեւ դիմահարդարման եւ մազերի գունային երանգի մասին՝ Լենա Ղազարյանը նկատում է, որ իրեն շատ ավելի ազատ եւ լավ է զգում բաց երանգի մազերով, իսկ դիմահարդարումն ավելի շատ նախընտրում է բնական եւ նուրբ երանգների մեջ:

«Կար ժամանակ, որ նախընտրում էի ավելի վառ գունային երանգներով դիմահարդարում, բայց հիմա ճաշակային փոփոխության եմ ենթարկվել: Ես բնույթով առհասարակ  փոփոխություններ սիրող մարդ եմ, իսկ մազերի գունային երանգը նախընտրում եմ բաց գույնը եւ կարծում եմ, որ այն ինձ ավելի շատ է սազում, քան իմ բնական շագանակագույն մազերը»,-ասում է նա:

Երգչուհին մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ նշելով, որ շատ է բարդույթավորվում, երբ իր կյանքում ամեն բան լինում է միանգամից. «Անընդհատ տեղափոխություններն ինձ լարված իրավիճակում են պահում: Ինձ մոտ միշտ այնպես է, որ չի լինում, չի լինում, եւ հանկարծ ամեն ինչ միանգամից  միասին է լինում՝ թե՛ գործնական եւ թե՛  առհասարակ կյանքում: Կարող է ամիսներով ոչինչ չլինի, բայց գա մի օր, որ բոլոր գործերս համընկնեն այդ օրվա հետ, եւ այդ լարվածությունն ինձ շատ է բարկացնում»:

Իսկ թե անձնական կյանքում ինչ փոփոխություններ են սպասվում, Լենա Ղազարյանը հավելում է, որ այս փուլում միմիայն մտածում է կարիերայի մասին:

«Իմ կյանքում ոչ մի փոփոխություն չկա, ես սիրահարված չեմ, հիմա միայն մտածում եմ կարիերայիս մասին, բայց այնպես չէ, որ ես կարիերիստ եմ եւ անձնականս թողնելով մի կողմ՝ մտածելու եմ միայն դրա մասին: Տղամարդկանց մեջ առաջինը գնահատում եւ նկատում եմ ազնվությունը, իհարկե դա շատ դժվար է առաջին հայացքից հասկանալը, բայց կյանքն այնպիսի փորձ ունի, եւ երբ դու իմունիտետ ես ձեռք բերում այդ առումով, ապա դու կարողանում ես մարդկանց ավելի շուտ ճանաչել,  եւ տվյալ դեպքում ես սկսել եմ ավելի շուտ մարդկանց ճանաչել: Ես աշխատում եմ իմ անձնականը չհանրայնացնել, եւ եթե իմ կյանքում ինչ-որ մի փոփոխություն լինի, ապա բոլորը դա կտեսնեն. եթե եղել է ու հիմա չկա, ուրեմն չկա: Կարծում եմ՝ այդ հարցը հիմա բոլորին շատ է մտատանջում»- մեզ հետ զրույցում եզրափակում է Լենան :

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՆՈՐ ՍԻԹՔՈՄ՝ «ՖԵՅՔ ՊԱՊԱ». ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Շուտով «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կրկին կցուցադրվի հեռուստադիտողի կողմից այդքան սիրված եւ սպասված  «Ֆեյք մամա» հումորային սիթքոմի նոր եթերաշրջանը: Հումորային սիթքոմի նոր զարգացումների, սիթքոմի նոր անվան, սպասելիքների, դերասանական անձնակազմի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան, սիթքոմի գլխավոր հերոսի դերակատար Մկրտիչ Արզումանյանի (Մկոյի) հետ:

 

«Աշնանային նոր եթերաշրջանում սիթքոմը կկոչվի «Ֆեյք պապա», այն բաղկացած կլինի 24 մասից: Այս պահին կատարվում են կազմակերպչական աշխատանքներ հումորային նոր նախագծի շուրջ, եւ արդեն մի քանի օրից կսկսենք  նկարահանել նոր եթերաշրջանը»,-նշում է դերասանը:

Ըստ Մկրտիչ Արզումանյանի՝ այս նոր եթերաշրջանում սյուժետային հետաքրքիր փոփոխություններ եւ զարգացումներ են սպասվում մեր հեռուստադիտողներին,  սպասվում է բոլորովին այլ բան, այլ սիթքոմ, այլ իրավիճակ, որտեղ  հայտնվում են բոլոր գլխավոր հերոսները:

«Մի խոսքով, բավականին հետաքրքիր սեզոն է սպասվում, եւ հուսանք, որ կրկին  կսիրվի հեռուստադիտողի կողմից, ինչպես սիրվեց առաջին սեզոնը: Նկարահանումները շարունակվելու են հիմնականում նույն դերասանների եւ անձնակազմի հետ, իհարկե, որոշ սերիաներում ավելանալու են կերպարներ: Ինչպես միշտ, աշխատել եմ մատուցել լավը, աշխատել եմ է՛լ ավելի եռանդով, որպեսզի  հետաքրքիր լինի ե՛ւ ինձ՝ որպես դերասանի,  ե՛ւ հեռուստադիտողին: Այնպիսի լուծումներ եւ իրավիճակներ ներկայացնել հեռուստադիտողին, որոնք լինեն նոր, եւ այդ ամեն ինչը բավականացնի 24  մասի կտրվածքով»,-ընդգծում է դերասանը:

Մկրտիչ Արզումանյանը «Ժողովուրդ» օրաթեթրի հետ զրույցում անդրադարձել է նաեւ առաջիկա պլաններին, նախագծերին եւ այս կարանտինային ընթացքն անցկացրել է ստեղծագործելով:

«Միշտ կան նոր նախագծերի գաղափարներ, պարզապես  պետք է մի փոքր սպասել: Նորությունները հիմնականում կապված են թատերական նախագծերի հետ, որոնք կլինեն, երբ թատրոնները լիապես վերաբացվեն: Իսկ այս աշխատանքների հետ զուգահեռ նախատեսվում են նաեւ նոր նախագծեր, որոնք, կարծում եմ, ճիշտ կլինի ներկայացնեն հենց կազմակերպիչները, իսկ առաջիկայում սպասվում է մեծ լիամետրաժ ֆիլմ, որը պետք է նկարահանվեր այս ամռանն արդեն, բայց այս հայտարարված արտակարգ դրության եւ կարանտինի պատճառով նկարահանումները հետաձգվել են. հուսանք՝ հաջորդ տարի ի վերջո կիրականացնենք այն: Առաջ Աստված, ամեն ինչ լավ է  լինելու,  արդեն ամեն ինչ պատրաստ է.  ե՛ւ կազմակերպչական, եւ՛ սցենարային հարցերը լուծված են: Ընդամենը պետք է նկարահանել եւ ցուցադրել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

2 ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Իտալական «Ռոման», ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերի ընթացքում կհայտարարի 2 ձեռքբերման մասին: «Ռոման» եւ «Յուվենտուսը» համաձայնության են եկել իտալացի պաշտպան Մատիա Դե Շիլիոյի տեղափոխության հարցում: «Ռոմայի» ղեկավարությունն այժմ 27-ամյա ներկայացուցչի հետ համաձայնեցնում է ֆուտբոլիստի անձնական պայմանագրի դրույթները: «Ռոման» համաձայնության է եկել նաեւ «Վերոնայի» 20-ամյա պաշտպան Մարաշ Կումբուլայի տեղափոխության հարցում: Հաղորդվում է, որ Կումբուլայի տրանսֆերային իրավունքի դիմաց մայրաքաղաքային ակումբը կվճարի 30 միլիոն եվրո:

 

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱՐԿԻՆՅՈՍԻՆ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ավագի պարտականությունները, 2020/21 մրցաշրջանից սկսած, կկատարի բրազիլացի կենտրոնական պաշտպան Մարկինյոսը. տեղեկացնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա Մարկինյոսը ՊՍԺ-ի ավագի թեւկապը կրում էր նաեւ նախորդ մրցաշրջանի այն հանդիպումներում, որոնց չէր մասնակցում թիմի ավագ Տիագո Սիլվան:

2019/20 մրցաշրջանի ավարտից հետո Տիագո Սիլվան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»: Հիշեցնենք, որ Մարկինյոսը ՊՍԺ է տեղափոխվել 2013թ.  իտալական «Ռոմայից»:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է

Կատալոնական «Բարսելոնան» սեպտեմբերի 15-ին պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին: 30-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայում» իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես հետեւում էի իրադարձությունների զարգացմանը եւ ուրախ եմ, որ Մեսին մնալու է «Բարսելոնայում»: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, որը պետք է մեր թիմին: Ես բացառիկ հնարավորություն եմ ստացել խաղալ այլմոլորակայինի կողքին»,-ասել է Պյանիչը: Նշենք, որ «Բարսելոնայում» Միրալեմ Պյանիչի հանդես կգա 8 համարի համազգեստով:

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Սերխիո Ռեգիլոնը մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Տոտենհեմում». տեղեկացնում է Sky Sport Italia-ն: Սերխիո Ռեգիլոնը «Տոտենհեմի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: «Տոտենհեմը» 23-ամյա պաշտպանի տեղափոխության դիմաց կվճարի 30 միլիոն եվրո: «Ռեալը» հետագայում հնարավորություն կունենա 40-45 միլիոն եվրոյով հետ վերադարձնել ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանը Ռեգիլոնը վարձակալությամբ անցկացնում էր «Սեւիլիայում»:

 




Լրահոս