Սահմանադրական դատարանի շուրջ առաջիկայում կարող են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի երեք նոր անդամների ընտրությունից հետո այժմ դատարանի կազմն ամբողջական է, եւ առաջիկայում պետք է դատավորները նիստ անեն, իրենց միջից ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ եւ վերադառնան բնականոն աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ գրել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը դեռեւս զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը համաձայնել է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու՝ պայմանով, որ հենց ինքն էլ պետք է հետագայում դառնա Սահմանադրական դատարանի նախագահ: Սակայն սա նրա պայմանավորվածությունն է իշխանությունների, այլ ոչ թե ՍԴ մյուս անդամների հետ: Եվ հենց այստեղ էլ թաքնված է ինտրիգը:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի մյուս անդամներն այնքան էլ կողմ չեն Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը եւ իրենց ծրագիրն են մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ներքին քննարկումներ են եղել ՍԴ անդամ հնաբնակների միջեւ, եւ առաջարկ է հնչել, որ, որպես ՍԴ նախագահի թեկնածու, առաջադրվի նաեւ Արման Դիլանյանը: Ավելին, անձամբ Վահե Գրիգորյանն է ասել, որ ամեն ինչ կանի, որ հենց Դիլանյանը ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ոչ թե Խունդկարյանը, քանի որ հասկացել է, որ ոչ մի դեպքում ինքը չի կարողանա դառնալ ՍԴ նախագահ։ Իսկ ո՞ր դեպքում նրանց ծրագիրը կարող է աշխատել: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 19-րդ հոդվածն ասում է. «Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Այսպիսով, երկու թեկնածուի առաջադրման պարագայում ՍԴ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանա 6 ձայն: ՍԴ-ն ունի 9 թեկնածու, եւ եթե, բացառությամբ նորընտիր անդամների, մյուսները կողմ քվեարկեն Դիլանյանին, ապա այս ծրագիրը կաշխատի: Նկատենք, որ այստեղ կողմ քվեարկելու հավանականությունը մի փոքր քիչ է միայն Աշոտ Խաչատրյանի պարագայում, եթե մինչեւ այդ նրան չհամոզեն: Եվ եթե նա եւս կողմ քվեարկի Արման Դիլանյանի օգտին, ապա այդ վեց ձայներն ապահովված են, իսկ եթե ոչ, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, եւ այդ պարագայում ՍԴ նախագահ կընտրվի առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Հետաքրքիր է, որ Արման Դիլանյանին «դուխ են տվել» եւ վստահեցրել, թե ամեն ինչ կանեն, որ հենց ինքը դառնա ՍԴ նախագահ, ոչ թե Երվանդ Խունդկարյանը: Խունդկարյանը, սակայն, չի նահանջում եւ կշարունակի պայքարը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ, առհասարակ, իշխանությունների միջեւ փոխհրաձգությունը դադարի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նրանցից պահանջել են առնվազն 7 պատգամավորի մանդատ. նրանց թվում են Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե նման բան չի լինի, եւ իրենք էլ չեն դնի պատգամավորական մանդատները, իր հերթին էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ այլ տարբերակ չկա, եւ խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր գործ են անում, եւ պետք է լինեն քաղաքական մարդիկ, իսկ այդ պատգամավորները չեն համապատասխանում այդ կերպարին: Ընդ որում, նշվել է, որ թեեւ Նաիրա Զոհրաբյանը քաղաքական կերպար է, սակայն նա էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ պահանջներին ու նվազագույնը պետք է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվի։ ԲՀԿ-ն մերժել է ԱԺ նախագահի բոլոր առաջարկները։ Այս տեղեկությունների մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին եւ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին: Վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Վահան Կոստանյանն էլ հայտարարեց, թե նման բան չի եղել, եւ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Դեռեւս հուլիսի 17-ին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը: Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել: Ու այս ամենից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում այն հրամանագիրը, ըստ որի՝ Դիանա Գալոյանը կարող է ստանձնել ռեկտորի պաշտոնը, ինչպես, որ մայիսից մինչեւ այսօր ՀՀ վարչապետը չի ստորագրում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետը, կարծես թե, այս ամենի վերաբերյալ այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռեւս այդ հարցերը թողնում է օդում կախված: Նշենք նաեւ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն ամեն ինչ արեց, որ ԵՏՊՀ ռեկտոր դառնա Դիանա Գալոյանը, բայց, կարծես թե, իր հաշվարկներում սխալվել էր. վերջնարդյունքը դեռեւս մշուշոտ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 887.5 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 76.5 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 49.9 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 14.9 %-ով կամ 114.9 մլրդ դրամով։ Իսկ, ահա, հունվար-օգոստոս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 294.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.1 %-ով, սակայն 2018. ցուցանիշը գերազանցում է 9.7 %-ով: Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102.9 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 15.9 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշից պակաս է 5.2 %-ով: ՊԵԿ կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2020 թվականի արդյունքները պակաս են 2019 թվականի արդյունքներից, սակայն ամեն դեպքում ավելին են , քան եղել են 2018 թվականին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ: