Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում, որի արդյունքներով փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: Տեսչական մարմինը ստուգումները իրականացրել է՝ հաշվի առնելով հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգությունը, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
«Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգության հետևանքով, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ Քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ստուգումներ սկսեց ալկոգելի շուկայում: Մասնավորապես, Տեսչական մարմնի ջանքերով նախապես վաճառքից հանվեցին մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության ենթարկվեցին այդ խմբաքանակներից վերցված փորձանմուշները:
Փորձաքննության արդյուքները ցույց տվեցին, որ վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և փորձաքննության ենթարկված ալկոգելերը չեն պարունակում մեթիլ սպիրտ կամ մարդու կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր:
Հարկ ենք համարում նաև անդրադառնալ լրատվական դաշտում առաջացած աղմուկին՝ կապված թունավոր նյութերով պատրաստված ալկոգելերի տարածման մասին տեղեկությունների հետ:
Նախ՝ օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բ.գ. դոկտոր, պրոֆ. Իրինա Մալխասյանի կողմից հնչել էր միտք, որտեղ հարգարժան պրոֆեսորը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր վաճառվող ալկոգելերում մարդու կյանքի ու առողջության համար վտանգավոր նյութերի առկայության հնարավորությունը, ինչը մի շարք այլ լրատվամիջոցներ ներկայացրել էին աղավաղված ձևով, անուղղակիորեն նշելով, թե Ի. Մալխասյանը հայտնել է թունավոր նյութերով ալկոգելեր պատրաստված լինելու փաստի մասին: Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան, Ի. Մալխասյանը հերքել է իր կողմից նման միտք արտահայտելու մասին տեղեկությունները և ևս մեկ անգամ հաստատել իր այն ձևակերպումը, որն առկա է իր ուղիղ խոսքն արտահայտող տեսանյութում:
Տեղեկատվական շփոթ է առաջացել նաև խնդրո առարկա լրատվական նյութի այն հատվածում, երբ գործով կալանավորված անձի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը նաև նախկինում է ձեռք բերել սպիրտ և օգտագործել ալկոգելի պատրաստման մեջ, մինչդեռ նյութի հեղինակը թունավոր սպիրտով ալկոգել պատրաստված լինելու հավանականությունը ներկայացնում է որպես կայացած փաստ»,- ասված է հաղորդագրության մեջ: