«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի:
Իսկապես ցավալի է, որ հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են, որ ամեն անգամ գործի է դրվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այլևս իրենց համար սիրելի դարձած կալանավորման գործելաոճը: Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու, հարյուր հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը չի բարելավվելու, արտաքին պարտքը չի փակվելու, ներդրումներ չեն գալու ու աշխատատեղեր չեն ստեղծվելու:
Իշխանություններն այլևս դարձել են կանխատեսելի իրենց փոքրոգի պահվածքով, երբ անգամ հանրահավաքի անցկացման վերաբերյալ մեկ հայտարարությունից ընկնում են ցնցակաթվածի մեջ: Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն այլևս իշխանությունների ձեռագիրն է դարձել: