
Այսօր Ազգային Անվտանգությունը հայտնել էր, որ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի արարքների մասով հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում համայնքին պատճառվել է խոշոր չափերով՝ 300 մլն դրամի վնաս: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ տարիներին վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Հովհաննես Շահինյանը:
Հաղորդագրության համաձայն, նա, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների: