Սեպտեմբերի 25-ին շարունակվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության նիստը: Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Նկատենք, որ նա հայտնի է՝ որպես քաղաքական որոշումներ կայացնող դատավոր, որը կալանավորել էր մաև Նիկոլ Փաշինյանին 2008-ի դեպքերով: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառ բաժանելու մեջ, եւ իր մեղադրանքը չի ընդունում, ավելին նա հարուցված քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ գործը հարուցվեց կառավարության հրաժարականի իր պահանջից անմիջապես հետո: Սակայն ԲՀԿ-ի շուրջ սեղմվող օղակը շարունակում է ամրանալ, եւ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, օղակը սեղմվում է նաեւ ԲՀԿ պատգամավորների շուրջ: Մասնավորապես, այս պահին իրավապահների մոտ նյութեր են նախապատրաստվում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի մասով:
Իսկ ինչ նյութերի մասին է խոսքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի Խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից եւ պատճառել է ծանր մարմնական վասվածք: Միաժամանակ ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ եւ օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:
Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների եւ ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: Սակայն այսօր տարիներ առաջ տուժած անձը որոշել է կատարվածի մասին պատմել իրավապահներին եւ իրավապահները դեպքին ընթացք են տվել եւ նյութեր են նախապատարաստում։ Թե ինչ ավարտ կունենա նյութերի նախապատրաստման ընթացքը, ժամանակը ցույց կտա, սպասենք զարգացումներին: Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի հետ, որը կտրականապես հերքեց շարադրվածը։