Լուսանկարն արվել է Բաղրամյան փողոցում
Ազգային Ժողովի մուտքի դիմաց, ահա, նման պատկեր է։ Համաձայեք, որ, մեղմ ասած, գեղեցիկ չէ մայրաքաղաքի կենտրոնում, հատկապես՝ ԱԺ ի դիմաց ականատես լինել նման տեսարանի։
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարող եմ անել, եթե ցանկանում եմ, որ երեխաս սովորի ռուսերենով ուսուցմամբ դասարանում։
Վարսեր Պետրոսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, եւ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձ է, կամ ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի, ապա կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում:
Միաժամանակ հայտնում ենք, որ եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի: Երեւանի քաղաքապետարանի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայքում:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը եւ (կամ) ազատելը կատարվում են ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգով հետեւյալ դեպքերում՝
1) ծնողի դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են ամբողջովին ազատվում հողի հարկից:
Սաթենիկ Մովսիսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հողի հարկից ազատվում են՝
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ պետական արգելանոցները եւ արգելավայրերը, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը՝ բացառությամբ վարձակալության եւ ծառայողական օգտագործման տրված հողերի,
բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած՝ երկու տարվա ընթացքում,
գ) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում,
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ եւ այլն),
ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը,
զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)` դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում,
է) պետական անտառային ֆոնդի հողերը՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի,
ը) փոստային կապի ազգային օպերատորը:
շարունակելի
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողի հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները՝ եռամսյակը մեկ անգամ մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը: