«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾԸ ԸՆԿԵՐԱԲԱՐ ՏԱՐԵԼ ԵՆ ՓԱԿՈՒՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը թնջուկ է դարձել: Թվում էր, թե լայն հանրության աչքի առջեւ տեղի ունեցած իրադարձությունները վաղուց պետք է բացահայտված լինեին, 10 զոհերի սպանողները՝ վաղուց բանտարկված, բայց դեռ գործը քննվում է ու քննվում՝ բազում հարցականներ առաջացնելով: Եվ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում եւ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամբաստանվում են, սակայն գործի նկատմամբ չկա հասարակական վստահութուն, եւ Քոչարյանն էլ ազատության մեջ է:

Դժգոհ են նաեւ մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հարազատները, որոնք հայտարարել են, որ հիասթափված են սպանությունների մասով տարվող գործի քննության որակից ու տեմպերից:

Իսկ որո՞նք են իրավիճակի խորքային պատճառները: Նույնիսկ հայտնի գաղտնալսման մեջ է նկատվում, որ «Մարտի 1»-ի գործի քննության մեջ առանցքային դերակատարություն ունի այսօր արդեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Նա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի ներկայացուցիչն է եւ Հայ ազգային կոնգրեսի հետեւորդ, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերը։ Ըստ ամենայնի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Վահե Գրիգորյանի հետ է պլանավորել, գծագրել է՝ երբ, ում հրավիրել հարցաքննության, ինչ հարցեր տալ, որպեսզի բացահայտվի «Մարտի 1»-ի գործը: Այսինքն՝ Սասուն Խաչատրյանը առաջ է քաշում իր ընկերոջ գծագրած վարկածը ու հենց Գրիգորյանի ցուցումներով էլ մեղադրանք է առաջադրել, օրինակ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ վաղամեռիկ Գեւորգ Մհերյանին այն բանի համար, որ վերջիներս հրահանգներ են տվել ՀՀ նախկին ոստիկանապետեր Հայկ Հարությունայնին, Ալիկ Սարգսյանին, որպեսզի պաշտոնեական կեղծիք կատարեն: Թերեւս անհնար է պատկերացնել, որ արդարադատության նախարարի տեղակալը կարող է ոստիկանապետին որեւէ բան հրահանգել, կամ ՀՀ նախագահի օգնականը՝ առանց Սերժ Սարգսյանի հրահանգի ոստիկանապետին ցուցում տա։ Բայց նախկին դատախազը մեղադրվում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրահանգը կատարելու, այլ պաշտոնեական կեղծիքի համար։

Իսկ իրականում ե՛ւ «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ե՛ւ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը ասել են՝ գալիս ենք, բավարարե՛ք մեր պայմանները, սակայն ՀՔԾ-ն չի ընդառաջում՝ թեկուզ նրանց հետո կալանավորելու հեռանկարով:  Ավելին, այդ առաջարկը մեր երկում սվիններով ընդունեցին բացառապես «լեւոնականները»՝ դարձյալ Վահե Գրիգորյանի ցուցումով։

Ինչու՞. որովհետեւ երբ այդ նախկին պաշտոնյաները գան, ու հետո էլ «Մարտի 1»-ի գործը չբացահայտվի, ինչը անխուսափելի է, Վահե Գրիգորյան-Սասուն Խաչատրյան զույգի գծած սցենարը կտապալվի։ Իսկ այսօրվա իրավիճակը ձեռնտու է ՀՔԾ-ին, քանի որ կան մեղավորներ, եւ ՀՀ վարչապետին նրանք ամեն անգամ զեկուցում են, թե «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, քանի որ Գեւորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը եւ այլք հետախուզման մեջ են: Այսպես գործը տանում են դեպի փակուղի՝ հիասթափեցնելով հասարակությանը։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով՝ այժմ էլ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս շարքային անդամ Հրայր Թովմասյանն է կրկնում Վահե Գրիգորյանի քայլերը եւ դատարան աշխատանքի չի գալիս, չնայած նրա արձակուրդի ժամկետը վաղուց ավարտվել է: Հիշեցնենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արեւիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Եվ, ահա, դրանից հետո Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։ Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ ՍԴ նախագահը, ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել: Եվ չնայած օգոստոսի 10-ին Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը վերադարձել էին արձակուրդից, սակայն Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում:  Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով քննության ընթացքը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների  համաձայն՝ նախաքննական մարմինը սպասում է վերջին գործողությանը, որպեսզի իրենց տրամադրվեն ՀՀ նախկին ոստիկանապետի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացությունները, թե արդյոք տեսախցիկները պատշաճ են աշխատել, ով է ներս մտել, դուրս եկել, ինչ շարժ է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի տանը, որից հետո նախաքննության ավարտի մասին կհայտարարվի: Նշենք, որ 5 օրից կլրանա ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով քննության մեկ տարին: Վերջինիս գործով հարցաքննվել էին նախկին պաշտոնատար անձինք, մասնավորապես՝  ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը, եւ դեռեւս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները: Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999-ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003-2008թթ` ոստիկանության պետի պաշտոնը։ 2010-2014 թվականներին նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը:

 

 

Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն եւ արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի: Այսօր կարտոֆիլ  վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչեւ 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան եւ Վրաստան: Կաթի գները կարող են բարձրանալ մինչեւ 150 դրամ: Իսկ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պահպանել գները, եւ դրանք նույնը կմնան մինչեւ տարեվերջ:

 




Լրահոս