ԿԱՐԵՎՈՐԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում կրկին լարվել են իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները: Դա հատկապես երեւում է խորհրդարանում, երբ ընդդիմադիր ԲՀԿ եւ իշխանական «ԻՄ քայլը» խմբակցություններն առիթը բաց չեն թողնում միմյանց հասցեին քննադատություն հնչեցնելու: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ եւ ասել, որ խմբակցության 7 պատգամավոր՝ հենց Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Վարդան Ղուկասյանը, Դավիթ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ձանիբեկ Հայրապետյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանի որ չեն հանդիսանում քաղաքական մարդիկ, հետեւաբար խորհրդարանն իրենց տեղը չէ: Սակայն Գագիկ Ծառուկյանը  մերժել է Արարատ Միրզոյանի առաջարկը: Այսպիսով, ի՞նչ է կատարվում իշխանության եւ ընդդիմության միջեւ, եւ արդյոք կրկին մանդատից հրաժարվողներ կլինե՞ն: Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից:

 

-Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ խորհրդարանի աշխատանքներին այս շաբաթ չմասնակցեցիք: Ինչ-որ խնդիր կա՞, թե՞ ուղղակի չեք ուզում վերադառնալ խորհրդարանի աշխատանքներին:

-Ցանկությունս համարյա բացակայում է խորհրդարան գալու, որովհետեւ այդտեղ աշխատանքային մթնոլորտ չկա: Մարդիկ փոխանակ մասնագիտական հարցեր քննարկեն, իրար թույլ են տալիս անձնական բնույթի հայտարարություններ անել: Աշխատանքային մթնոլորտ չկա: Բացի այդ, տեղեկություն ունեմ, որ դիմակ չկրելու հանգամանքը համարվում է, որ խախտում եմ կատարում: Բայց ես գալու եմ խորհրդարան եւ անակնկալ եմ մատուցելու բոլոր նրանց, որոնք մտածում են, որ տարբեր եղանակներով կարող են կանխել իմ մուտքը խորհրդարան: Առիթ ունեցել եմ շատ անգամներ ասել, որ չեմ տառապում ու չեմ տառապելու: Եթե իմ քաղաքական թիմն ու իմ քաղաքական ղեկավարը կգտնի, որ իմ ներկա լինելը պարտադիր չէ, ես հենց այդ պահին վայր կդնեմ իմ մանդատը: Պարզապես աշխատանքային մթնոլորտ չկա: Ի՞նչ է նշանակում, օրինակ, կրթության նախարարն ընդհանրապես չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին. նա փոխարեն մասնագիտական քննարկումների մասնակից լինի, մտնում է անձնական հարաբերությունների դաշտ, եւ իրավապահ մարմիններն էլ չեն արձագանքում: Թե ինչու չեն արձագանքում, որովհետեւ գործող վարչապետի հետ քայլող Արայիկ Հարությունյանն է նա: Անարդարության մթնոլորտ է տիրում: Հավանաբար մյուս քառօրյային գալու եմ խորհրդարան,  եւ կան մարդիկ, ում անակնկալ եմ մատուցելու: Ու թե դրանից հետո ինչպես կավարտվի խորհրդարանական գործունեությունը ինձ համար, արդեն ժամանակը ցույց կտա:

-Պարո՛ն Պետրոսյան, այս պահին էլ կարծես իշխանությունները պահանջ են դրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից 7 պատգամավորների հրաժարականի, որոնց թվում նաեւ կա Ձեր անունը: Ի՞նչն է պատճառը:

-Դա անգրագիտություն է իշխանությունների կողմից: Նման արարողակարգ, նման կարգավորում չկա: Ի՞նչ է նշանակում իշխանությունը հրաժարականի պահանջ է դրել: Մեզ ընտրել է ժողովուրդը: Ով հրաժարականի պահանջ է դրել, թող իրանցից ցանկացած մեկը գա, շրջենք փողոցում: Կտեսնեք՝ ով ինչ վերաբերմունքի է արժանանում: Իրենք քանի որ օրենքները չեն կարդում, ղեկավարվում են ինչ-որ պահի թելադրանքով, իրենք չեն իմանում, որ դա ապօրինի նախաձեռնություն է: Այսինքն՝ եթե մի մարդուն ընտրում է ժողովուրդը, ո՞նց կարող է մի ընտրվածը մյուսի հրաժարականը պահանջի: Դա անգրագիտություն է: Իհարկե, բոլորի մասին չէ խոսքը. շատերն ունեն անգրագետ վարքագիծ, եւ սա դրա հետեւանքն է:

-Հետեւելո՞ւ եք իշխանությունների՝ մանդատը վայր դնելու հորդորներին:

-Ինձ համար կարեւորը իմ քաղաքական ղեկավարի տրամադրվածությունն է իմ նկատմամբ: Իմ քաղաքական ղեկավարն ինձ կասի, որ ինքը նպատակահարմար չի գտնում իմ հետագա պաշտոնավարումը Ազգային Ժողովի պատգամավորի պաշտոնում, ես կկարգավորեմ այդ հարցը: Բայց ո՞վ են մյուսները, որոնք մեզ հետ ունեն հավասար կարգավիճակ, իրենք պահանջեն իմ հրաժարականը: Եվ վերջապես՝ ինչո՞ւ: Եթե  ես խախտել եմ վարքագծի կանոն  կամ օրինախախտում եմ թույլ տվել, ես պատրաստ եմ լսել իրենց կարծիքը: Բայց ո՞վ է պահանջողներից մեկը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ-ՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն մշակել է օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։

 

Մշակված նախագծի հիմնավորման մեջ, որպես առաջարկ, նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեության նպատակով թույլ կտան ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով վարել տրանսպորտային միջոց:

Ընդ որում, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հաղորդում, որ այդ նպատակով տրանսպորտային միջոցների վարումը թույլատրվում է միայն ռուսական վարորդական իրավունքի վկայականով։ Սակայն նշվում է, որ այդ արգելքը չի տարածվում Ղրղզստանի եւ այն երկրների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։

Նշենք, որ ազգային վարորդական իրավունքով վարելու խնդիրը ՌԴ-ում ծագեց դեռեւս 2017 թվականին: Այդ տարվա հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիներն իրավունք ունեին աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Իսկ օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախ եւ առաջ պետք է դիմեին Ռուսաստանի ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչություն: Այս հարցը տարբեր ժամանակներում բարձրացվեց, եւ, փաստորեն, ընտրվել է ազգային վարորդական իրավունքի տարբերակը։

Սակայն, չնայած այս որոշմանը, Ռուսաստանում բնակվող ու գործունեություն ծավալող հայ վարորդները այս լուծումը չեն համարում խնդրի լիարժեք լուծում: Ավելին, վերջին 2-3 ամսվա ընթացքում, նրանց խոսքով, ՌԴ-ում իրավապահները սկսել են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները կանգնեցնել:

 

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը եւ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցը թողել է անփոփոխ: Ասել է թե՝ նա կշարունակի մնալ ազատության մեջ: Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը, ինչի հետ համամիտ չէր եղել Գլխավոր դատախազությունը եւ բողոք էր ներկայացրել, սակայն Վերաքննիչը մերժեց դատախազությանը։

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել էր օգոստոսի 6-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել էին նաեւ ՀԾԿՀ նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ինչպես նաեւ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի եւ հանձնաժողովի նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված եւ առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետեւանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

 

 

ԱՀԱԶԱՆԳ

Armlur.am-ը զրուցել է Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ: Բանն այն է, որ այս օրերին մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում այն մասին, որ գտնվելով Ծաղկաձոր քաղաքում, այցելելով եկեղեցի կամ այլ վայր առանց դիմակի՝ տուգանվում են, այնինչ գտնվում են հանգստյան գոտում: Սակայն մեզ հետ զրույցում քաղաքապետը նկատեց, որ հենց քաղաքը չի կարող համարվել հանգստի գոտի, եւ ինչպես զբոսաշրջիկները, այնպես էլ տեղացիները պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ՝ միմյանց չվարակելու համար:




Լրահոս