Երիտասարդ երգիչ Տյոմ Հակոբյանը եւ Անահիտ Կիրակոսյանը շուտով հանդես կգան նոր սիրային դուետով: Այս մասին Տյոմը պատմել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
-Տյո՛մ, այս շրջանում բավականին ակտիվ եք, առաջիկայում ի՞նչ ունեք ներկայացնելու Ձեր երկրպագուներին:
-Այս պահին աշխատում ենք միաժամանակ երկու-երեք նախագծի վրա, բացի այդ, մեր OnPlay խմբով ունենք նորություն՝ տեսահոլովակի տեսքով, այս պահին ժամանակ նշել չեմ կարող, բայց արդեն նախապատրաստական աշխատանքների մեջ ենք: Այնուհետեւ սպասվում է արդեն իմ երկրորդ տեսահոլովակը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ: Իմ կյանքում առաջին անգամ երգելու եմ դուետ: Առաջարկը տեսահոլովակի ստացել եմ Մոսկվայից Դավիթ Դոլինյանի կողմից: Նա գրել էր շատ գեղեցիկ մի երգ, որն առաջարկեց ինձ եւ Անահիտ Կիրակոսյանին: Անկեղծ ասած, ես եւ Անահիտը բնույթով ավելի թեթեւ մարդիկ ենք, իսկ երգը շատ լուրջ, սիրային, գեղեցիկ երգ է: Ինձ թվում է՝ ինձ եւ Անահիտին ոչ մեկն այդ ոճում չի պատկերացնում, նման երգ երգելուց, քանի որ Անահիտը միշտ հանդես է եկել հումորային ժանրում: Երգը գործիքավորելու է իմ լավ ընկեր Գոռ Սուջյանը: Շուտով կավարտենք ձայնագրման աշխատանքները եւ արդեն կպատրաստվենք տեսահոլովակի նկարահանմանը: Կարծում եմ՝ մեր հանդիսատեսին սպասվում է շատ գեղեցիկ երգ, եւ հուսամ, որ շուտով այն կհանձնեմ մեր հանդիսատեսի դատին: Շատ ուրախ եմ, որ համագործակցում եմ Անահիտ Կիրակոսյանի հետ:
-Տյո՛մ, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դաշտում եք, բաց մինչ այսօր սեփական տեսահոլովակ չունեիք, ինչու՞:
-Տեսահոլովակներ չեմ նկարահանել, քանի որ ես չեմ սիրում ուղղակի անել: Ես սիրում եմ անելուց անել լավը, չեմ սիրում անընդհատ վիդեո, տեսահոլովակ նկարահանել, որ անընդհատ երեւամ: Իրականում իմ բախտը բերել է այնքանով, որ ես շատ ակտիվ համերգային ծրագրերով եմ հանդես գալիս, եւ դա ինձ հնարավորություն է տալիս, որ մարդիկ ինձ չմոռանան: Ես ավելի շատ սիրում եմ կենդանի հաղորդակցությունը, ճիշտ է, այս իրավճակով պայմանավորված՝ հաճախ բացօթյա համերգներ չեն կազմակերպվում, բայց որտեղ էլ որ կազմակերպվում է, նկատում եմ, որ մարդիկ շատ լավ, կարոտած սպասում եւ դիմավորում են մեզ: Իհարկե ունեմ նախընտրած մի քանի երգեր, որոնց համար ուզում եմ նկարահանել տեսահոլովակներ: Ցանկությունս մեկն է՝ ներկայացնել որակով տեսահոլովակներ, դա է պատճառը, որ հաճախ տեսահոլովակներ չեմ նկարահանում:
-Այդ դեպքում վտանգ չե՞ք տեսնում, որ կարող եք մրցակցությունից դուրս մնալ:
-Հիմա այնպես է ստացվել, որ պարտադիր չէ սոցիալական հարթակում տեսահոլովակ ունենաս, ես ինքս այդ հարթակում շատ ակտիվ եմ, իմ ֆանտազիաներով նկարահանում եմ վիդեո ռոլիկներ, որոնք միշտ ինձ ակտիվ են պահում:
-Տյո՛մ, մեր ընթերցողներին շատ է հետաքրքրում, թե որքան գումար եք ծախսում մեկ տեսահոլովակ նկարահանելու համար:
-Իմ պարագայում, կարծում եմ, մի քիչ այլ է, ոչ թե նրա համար, որ շատ-շատ ընկերներ, ծանոթներ ունեմ, այլ ես արդեն գիտեմ, թե ինչ է պետք, եւ ես էլ հիմա սիրողական մակարդակով զբաղվում եմ, նկարահանում եմ, եւ արդեն հստակ գիտեմ՝ ինձ ինչ է պետք: Եթե անգամ տվյալ ռեժիսորն իմ ընկերը չէ, գնում եմ, ասում եմ, թե ինձ ինչ է պետք, եւ արդեն գիտեմ, թե գումարային առումով ինձ ինչքան փող է պետք:
-Մոտավորապես ինչքա՞ն գումար է պահանջվում:
-Գինը չեմ կարող նշել, դա կախված է սցենարից, կախված է, թե որտեղ եւ ինչպես է նկարահանվելու այն, կապված է, օրինակ, վերտայլոտի վարձից, որն, օրինակ, արժե 3000 դոլար, դրա համար հստակ չեմ կարող նշել, վերջում նոր հասկանում ես, թե ինչքան գումար ես ծախսում:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋՈՒՄ Է ՄԵՌՆՈՒՄ». ՇՊՌՈՏԸ՝ 41-ԱՄՅԱԿԻ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերի 13-ին երգչուհի Շպռոտը տոնեց ծննդյան 41-ամյակը: Երգչուհին օրեր առաջ էր վերադարձել Հայաստան եւ այդ փաստն օգտագործելով՝ տարեդարձը նշել է ընկերների եւ հարազատների հետ միասին: ArmLur.am-ը երգչուհու հետ զրուցել է տարեդարձի անակնկալների, 41-ամյակի, զգացողությունների եւ Հայաստան այցի մասին:
«Անկեղծ ասած, հույս չունեի, որ այս տարի կվերադառնամ հայրենիք, բայց ընկերներս ոգեւորեցին ինձ, եւ որոշում կայացրի անպայման գալ Հայաստան: Հայրենիք եմ վերադարձել կարճ ժամանակով՝ ընդամենը 25 օրով»,-Հայաստան այցի մասին նշում է երգչուհին:
Երգչուհին ընդգծում է՝ չի զգում, որ արդեն գտնվում է բավականին հասուն տարիքում.
«Ես ինձ երբեք 41 տարեկան չեմ զգում, այլ ինձ զգում եմ միշտ 25 տարեկան: Տարեդարձիս հրավիրված են եղել իմ հին ու նոր ընկերներս, հարազատներս եւ նույնիսկ Շանել Սյուզին»:
Երգչուհին մեզ հետ զրույցում նշում է, որ այս պահին իր անձնական կյանքում նորություններ չկան, սակայն չի հուսահատվում՝ նշելով, որ ամեն բան լավ է լինելու:
«Այժմ կողքիս տղամարդ չկա, բայց ինչպես ասում են, հույսը վերջում է մեռնում»,-հավելում է մեր զրուցակիցը:
Նշենք, որ նախքան հայաստանյան այցը Շպռոտը նոր երգ եւ տեսահոլովակ էր ներկայացրել իր երկրպագուներին երգչուհի Արմինկայի հետ, որը, երգչուհու խոսքով, ունի տարիների պատմություն:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ-ՈՔԻ
Գերմանիայում մեկնարկել է շախմատի Բունդեսլիգան, որին մասնակցում են նաեւ հայ գրոսմայստերները: Համավարակով պայմանավորված՝ մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։ Բունդեսլիգայի ուժեղագույն Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը։ Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը հանդես չեկավ։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ տոնեց Դեյսիզաու թիմի նկատմամբ։ 2-րդ տուրում հանդես կգա Սերգեյ Մովսեսյանը, իսկ Լեւոն Արոնյանը պահեստայինների թվում է։
ՄՈՈՒՐԻՆՅՈՆ՝ ՆՎԱՃՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց բուլղարական «Լոկոմոտիվին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Ժոզե Մոուրինյոյի համար «Լոկոմոտիվի» նկատմամբ տարած հաղթանակը 100-րդ հաղթանակն էր եվրագավաթային մրցաշարերում: Պորտուգալացի մասնագետը 30 հաղթանակ տարել է «Չելսիի» հետ, 24 հաղթանակ՝ «Ռեալի» հետ, 18 հաղթանակ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, 16 հաղթանակ՝ «Պորտուի» հետ, 10՝ հաղթանակ «Ինտերի» հետ, եւ 2 հաղթանակ՝ «Տոտենհեմի» հետ:
ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿԻ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մարզական կարիերան չի շարունակի Թուրինի «Յուվենտուսում»: «Յուվենտուսը» համաձայնության է եկել «Ռոմայի» հետ բոսնիացի Էդին Ջեկոյի տեղափոխության հարցում: Թուրինյան ակումբը 34-ամյա Ջեկոյի տեղափոխության դիմաց կվճարի 15 միլիոն եվրո: Սեպտեմբերի 17-ին Լուիս Սուարեսը ժամանել էր Իտալիա եւ իտալերենի քննություն էր հանձնել: Լուիս Սուարեսը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում»:
Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 21 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Իտալական «Վերոնայի» կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլան մարզական կարիերան կշարունակի «Ռոմայում»: «Ռոման» 20-ամյա պաշտպանի հետ կնքել է 2 տարվա վարձակալական պայմանագիր: Մայրաքաղաքային ակումբը հնարավորություն ունի պայմանագրի ժամկետի ավարտին ձեռք բերել Կումբուլայի ամբողջական տրանսֆերը: Ալբանիան ներկայացնող ֆուտբոլիստի վարձակալության դիմաց «Ռոման» «Վերոնային» կվճարի 2 միլիոն եվրո: Կումբուլան «Ռոմայում» հանդես կգա 24 համարի համազգեստով: