հոկտեմբերը Գյումրու անօթեվաններին իրազեկելու եվ աջակցելու ամիս է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Շիրակի մարզում գործող հասարակական կազմակեպությունների, լրագրողների, մարզպետարանի եւ քաղաքապետարանի բնակարանային խնդիրների ապահովման բաժինների ղեկավարների մասնակցությամբ կայացած կլոր-սեղան քննարկման ժամանակ “Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հրապարակեց կազմակերպության` առաջիկա հոկտեմբերը գյումրեցի անօթևան ընտանիքներին իրազեկելու եւ  աջակցելու ամիս հայտարարելու մասին կոչը:Այն ներկայացվում է ամբողջությամբ:ՀՀ կառավարության որոշմամբ` աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին  մասնակցելու համար անօթեւան ընտանիքների անհրաժեշտ փաստաթղթերի համալրման եւ հանձնման վերջնաժամկետ սահմանվել է 2011թ նոյեմբերի 1-ը: Սակայն Գյումրիում ներկա պահին կան հարյուրավոր այնպիսի անօթեւան  ընտանիքներ, որոնք պահանջվող փաստաթղթերի փաթեթները բնակբաշխման հանձնաժողովին կամ առհասարակ չեն հանձնել` մոտ 300 ընտանիք, կամ ոչ ամբողջական են հանձնել` 1100 ընտանիք: Եթե նրանք մինչև սահմանված օրը` նոյեմբերի 1-ը, փաստաթղթերը չկարողանան համալրել եւ ներկայացնել, ապա կկորցնեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման իրենց իրավունքը: Մեր դիտարկումներով` մինչեւ օրս  փաստաթղթեր չներկայացրածների թվում կան այնպիսի ընտանիքներ, որոնք գտնվելով ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, պահանջվող փաստաթղթերը ֆինանսական եւ ֆիզիկական դժվարությունների պատճառով չեն կարողանում տարբեր ծառայություններից ձեռք բերել: Տասնյակ բազմանդամ ընտանիքների ներսում էլ ստանալիք բնակարանի պատկանելիության վերաբերյալ չի կայանում համաձայնություն, կան նաեւ ընտանիքներ, որոնք պարզապես իրազեկված չեն:  Ուստի կոչ ենք անում լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին` առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացնել ամենօրյա իրազեկում եւ նման խնդիրներ ունեցող անօթեւան ընտանիքներին կոնկրետ աջակցություն ցուցաբերել բնակարան ստանալու համար պահանջվող փաստաթղթերը ձեռք բերելու եւ բնակբաշխման հանձնաժողովին հանձնելու գործում: Հարգելի գործընկերներ.եկեք առաջիկա հոկտեմբեր ամիսը հայտարարենք գյումրեցի անօթեւան, բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին իրազեկելու միամսյակ եւ համատեղ ուժերով  աջակցենք, որ նեղության ու կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիները օր առաջ կարողանան ազատվել ցուրտ և խոնավ տնակներից:




Լրահոս