ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու չէին պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ի բուժաշխատողները. բաց նամակի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Հայաստանի անկախության առթիվ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմը չէր պարգևատրվել: Նրանք անգամ բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ հայտնել իրենց վրդովմունքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին օրերից այդ հիվանդության բուժմամբ զբաղված հիվանդանոցի անձնակազմն անուշադրության է մատնվել:

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքներում ներդրած ավանդի համար: Շնորհավորում ենք մեր գործընկերներին, այդուհանդերձ հարկ է նկատել, որ Նորքի ինֆեկցիոն կենտրոնի ներդրումն ու դերը այդ ամենում ևս պակաս չի եղել: Ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում և այդպես էլ շարունակելու է։ Կարծում ենք, մեր թիմի ներուժն ու ներդրումը չպետք է անտեսվեր ու պետք է գնահատվեր ինչպես մեր երկրի նախագահի, վարչապետի և կառավարության կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից», – գրված է բաց նամակում: Այն ստորագրել էին բժշկական կենտրոնի 7 տասնյակ բժիշկներ, բուժքույրեր, բաժանմունքի վարիչներ և օրդինատորներ։

Ավելին, արդեն նախկին գործընկերների նամակը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցը՝  գրելով, որ «գործող անձնակազմից առնվազն մեկը պետք է պարգևատրվեր»։

Նկատենք, որ անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին նախագահը տարբեր մեդալներով պարգևատրվել է մոտ 130 անձանց՝ դատավորներից մինչև դերասաններ, զինվորականներ ու բժիշկներ։ Վարչապետի միջնորդությամբ Մխիթար Հերացու մեդալ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցած 11 բուժաշխատողներ, այդ թվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը, նույն հիվանդանոցի ևս 2 աշխատակից, ևս 2 հոգի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ապա «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը և այլոք։

Այս հիվանդանոցին չպարգևատրելու հանգամանքը բուռն քննարկվեց նաև այն պատճառով, որ բուժաշխատողներին պարգևատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի եւ նաեւ կլինիկայի նախկին տնօրենի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն:

Սակայն երեք հայտնի դարձավ, որ հարյուրից ավելի բուժաշխատողներ մոտ օրերս պարգևատրվելու են վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, այդ թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս