Ինչ է սպասվում մեկ համարանիշով երթևեկելու դեպքում. կառավարությունը խստացնում է կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 30-ին քննարկվելու է կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի նիստում այդ հարցը ներկայացնելու է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը: Մասնավորապես, օրենքում փոփոխություններ են արվելու ժամնկետների հետ կապված, որը հնարավորություն կտա պարեկային ծառայության ներդրման պարագայում ամբողջական կարգով ապահովել օրենքի կիրառումը:

Մասնավորապես նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-300-Ն) տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց առավել մեծ հանրային վնասակարարություն ունեցող իրավախախտումների համար «տուգանք» տույժի տեսակը փոխարինվել է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակով, իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն: Եվ արդյունքում բաց են մնացել այն իրավիճակները, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող իրավախախտումն առաջին անգամ կատարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից: Եվ նշվում է, որ դրա համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին:

Բացի այդ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով պատասխանատվություն է նախատեսվել զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու համար: Եվ կառավարությունը նկատում է, որ այս կարգավորումից հետո, վարորդների մի որոշ հատված երթեւեկում են մեկ համարանիշով  չվախենալով ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պատասխանատվությունից: Նաեւ նշվում է, որ սանկցիան չի նպաստում հետապնդվող վարչական տույժի նպատակի իրագործմանը, քանի որ վարորդների հիմնական մասը պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում է դրսեւորել նույն հակաիրավական վարքագիծը: Եվ նախագծով նախատեսվում է պատասխանատվություն նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար՝ սահմանելով առավել խիստ պատասխանատվության միջոցներ, ընդհուպ՝ վարելու իրավունքից զրկման ձեւով:

Բացի այդ, նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված՝ ճանապարհապարեկային ծառայողների կողմից մի շարք խախտումների մասով տուգանային միավոր կիրառելու վերաբերյալ սահմանված անցումային ժամկետը երկարաձգել մինչեւ Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը: Մասնավորապես, ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումն իրականացնել 2022 թվականի 1-ին կիսամյակում, ինչով պայամանավորված անցումային դրույթի ժամկետ է սահմանվում 2022 թվականի հուլիսի 1-ը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս