Որ դեպքում Գևորգ Պետրոսյանին կհեռացնեն հանձնաժողովի կազմից. վարչապետին դիմում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը պատրաստվում է ուրբաթ օրը կայանալիք նիստի ժամանակ բարձրաձայնել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից հեռացնելու հարցը: Բանն այն է, որ փետրվարին կազմավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովների նիստերին Գևորգ Պետրոսյանը մասնակցել է 1-2 անգամ:

Այստեղ նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոփոխություն է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել եւ սահմանվել է, թե ինչպես կարող է հեռացվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը:

Մասնավորապես, հանձնաժողովի անդամի կողմից իր լիազորությունները և պարտականությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու՝ ներառյալ հանձնաժողովի երեք և ավելի նիստերից անհարգելի պատճառներով բացակայելու դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հանձնաժողովի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է հանձնաժողովի երեք և ավելի նիստերից և այդ կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն:

Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Քվեարկությանը չի մասնակցում հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ունի 16 անդամ եւ սովորաբար նիստ է անցկանցում յուրաքանչյուր ուրբաթ, սակայն ոչ բոլոր անդամներն են մշտապես ներկա լինում: Նկատենք՝ 16 անդամ ունեցող հանձնաժողովի պարագայում, եթե նիստերին ներկա լինի 15 անդամ, ապա  պետք է 10 անդամ կողմ լինի, որպեսզի Գևորգ Պետրոսյանի լիազորությունների դադարեցման հարցով դիմեն վարչապետին: Արդյոք՝ բոլորը կողմ կլինեն Դանիել Իոաննիսյանի նախաձեռնությանը, դժվար է ասել. սպասենք զարգացումներին:

Ն.Հ.




Լրահոս