ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլ, արի՛, մեզ փրկի». բեյրութահայի սրճարանը քանդում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոն վարչական շրջանում՝ Կասկադի հարեւանությամբ գտնվող «Ալ Մայասա» սննդի օբյեկտի մի հատվածը Երեւանի քաղաքապետարանը որոշել է «քանդել»: Սրճարանի տերը բեյրութահայ է, Հայաստանում հասցրել է մի քանի սրճարաններ բացել ու աչքի է ընկնում իր բարեխիղճ աշխատանքով։ Երեկ սրճարանի տնօրեն Ռազմիկ Խաչատուրյանն անասելի զայրացած էր. ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչրապետ Նիկոլ Փաշինյանից աղերսում էր օգնություն։

Իսկ ո՞րն է խնդիրը. պարզվում է՝ Կասկադում բեյրութահայ գործարարը իր սրճարանի մի քանի աթոռ-սեղան ընդարձակվելով է տեղադրել և այդպիսով հարուցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանի ու ևս մի քանիսի զայրույթը։ Արմեն Հարությունյանն անձամբ լինելով Երևանի սրճարանների թաղամասում՝ Կասկադում, չունենալով ոչ մի բողոք, գործարարի մի քանի աթոռ սեղանի ընդլայնված հատվածը քարուքանդ է արել։ Ու թեև Armlur.am-ի հետ զրույցում Խաչատուրյանը պատմեց, որ ինքը քաղաքապետարանի ներկայացուցիչներին խնդրել է թույլ տալ, որ անձամբ քանդի ընդլայնված հատվածը՝ չվնասելով գույքը, այնուամենայնիվ, քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն համաձայնել, «շոու» են արել։

Բեյրութահայ գործարարը վրդովված էր այն հանգամանքից, որ կորոնավարակի պատճառով ամիսներով չեն աշխատել, պետությունը որեւէ ձեւով չի աջակցել իրենց, իսկ հիմա եկել և վնասում են իրենց քաղաքային իշխանությունները։

Հիմա դառնանք ամենակարևոր հարցին. ո՞վ է սփյուռքահայ գործարարին այս վիճակին հասցրած Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան։ Նա, որ պարտավոր է մայրաքաղաք երևանում բիզնես միջավայրը նպաստող դարձնել, օգնել բիզնեսի կայացմանը, առանց բողոքի ու ակնհայտ ուղղորդվածությամբ քանդել է տվել սրճարանի մի մասը։ ArmLur.am-ը պարզեց, որ բռնության ենթարկված սրճարան-սննդի կենտրոնի ետնաբակում նույն Արմեն Հարությունյանի գործուն ջանքերով կարկառուն ՀՀԿ-ականներից մեկի հետ ավտոտնակ է կառուցվել մինչև հեղափսխությունը՝ ընդ որում կանաչ տարածքի հաշվին։ Իսկ հիմա խիստ սկզբունքային է ձևանում, նեղացնում մեր երկրում ներդրողներին։Այո, այո, կադրերում երևացող ավտոտնակներից մեկը ՀՀԿ ական գործիչներից մեկինն է, մյուսը նույն Արմեն Հարությունյանի անվան հետ է կապվում։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային ամեն ինչ կարելի է, իսկ այն մարդը, որը սփյուռքից եկել է Հայաստան, ներդրումներ է արել, սրճարան կառուցել, նրան արհեստական խոչընդոտներով խանգարում են աշխատել:

Փաստենք նաև, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր պաշտոնավարման ժամանակահատվածում աչքի ընկավ ներդրողների հետ շփման ապակառուցողական վարքագծով։ Իսկ հիմա էլ Կասկադը բարեկարգելու, փողոցները վերաներոգելու փոխարեն, «նայեք ոնց են դղրդում սալիկները»: Մարությանը լծվել է երևանում բիզնես գործունեությունը փակելու, մարդկանց նեղացնելու անշնորհակալ գործին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս