Հույս ունեմ, որ կառավարությունը կփոխի իր գործելաոճը. ընդդիմադիր պատգամավորը դժգոհ է ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը:

Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Իսկ ինչ ունենք այսօր և որքանով է համաձայնագրի կիրարկման գործընթացը գոհացնող: ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ, որը նաեւ հանձնաժողովի փոխնախագահն է:

-Պարո՛ն Սիմոնյան, ի՞նչ ունենք այսօր համաձայնագրի կիրարկման առումով:

-Դուք գիտեք, որ համաձայնագիրը 80 տոկոսով է ուժի մեջ մտել եւ 20 տոկոսն է մնացել եւ դա կլինի այն բանից հետո, երբ ԵՄ բոլոր անդամ պետությունները կվավերացնեն համաձայնագիրը եւ համաձայնագիրն ամբողջությամբ ու ամբողջ ծավալով կմտնի ուժի մեջ: Համաձայնագրի շրջանակներում արդեն  տրվել են մի շարք դրամաշնորհներ: Այսօր ևս հաստատվեց 60 մլն եվրոյի դրամաշնորհի հաստատման մասին, որից 3 մլն-ը նյութատեխնիկական ապահովման միջոցներ պետք է լինեն, իսկ 57 մլն էլ ուղղակի աջակցություն է պետական բյուջեին եւ մուտք է արվելու բյուջե: Համաձայնագիրն ունի ճանապարհային քարտեզ, որով աշխատանքներն ընթանում են, սակայն չեմ կարող պնդել, ինչպես իմ իշխանական ընկերներն են պնդում, որ այնպիսի արագությամբ են ընթանում գործընթացները, որով անհրաժեշտ է: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ կան դանդաղումներ եւ այդ դանդաղումներն այնքան էլ հիմնավոր չեն: Հույս ունեմ, որ կառավարությունը կփոխի իր գործելաոճը եւ ավելի արագ կսկսի իրականացնել այն բարեփոխումները, որոնք հանձն է առել այս համաձայնագրով:

-Իսկ հատկապես ո՞ր ոլորտներում արված աշխատանքը չի գոհացնում Ձեզ:

-Օրինակի համար կարող ենք վերցնել ոստիկանության ոլորտում կամ արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացները: Դրանցից շատերն արդեն պետք է իրականություն դարձած լինեին 2020 թվականի ընթացքում, սակայն մինչ օրս գործընթացը գնում է: Օրինակ, այդ փոփոխություններով պետք է դեռ մեկ տարի առաջ պարեկային ծառայություն ստեղծվել, սակայն գործընթացը նոր-նոր մեկնարկել է: Խնդիրներ կան նաև Շրջակա միջավայրի պաշտպանության օրենսդրության բարելավման եւ եվրոպական նորամտիվների համապատասխանեցման հետ, դրանց թվում է նաեւ նոր չափորոշիչներով օրենքի ընդունում, որը պետք է տեղի ունենար դեռևս  անցյալ տարի, սակայն այսօր նոր գտնվում է քննարկման փուլում եւ նման այլ հարցերը բազմաթիվ են:

Հավելենք, որ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ 3 հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։

Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս