ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը մոտենում է ավարտին. Արման Եղոյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը:

Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Իսկ ինչ ունենք այսօր և որքանով է համաձայնագրի կիրարկման գործընթացը գոհացնող: ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ:

Պարո՛ն Եղոյան, ի՞նչ փուլում է այժմ գտնվում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը, որքանո՞վ են արդյունքները գոհացուցիչ:

-Համաձայնագրի վավերացման գործընթացը մոտենում է ավարտին: Այս պահի դրությամբ մնացել է մեկ երկիր, որը դեռ չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ երկիրը Պորտուգալիան է, սակայն համաձայնագիրն արդեն գտնվում է այդ երկրի խորհրդարանում, այն օրակարգում է, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ վավերացումը տեղի կունենա:

Դուք անդրադարձաք համաձայնագրի վավերացմանը, իսկ ի՞նչ տեմպերով է առաջ գնում կիրարկման գործընթացը:

-Ամբողջ ամառ աշխատել ենք մի շարք հարցերի վրա. օրինակ ճանապարհների անվտանգության հետ կապված, ճանապարհային երթեւեկության հետ կապված: Շատ հարցեր տեխնիկական են:

Պարո՛ն Եղոյան, իսկ ինչով է պայմանավորված ժամկետների խախտումները: Օրինակ հանձնաժողովի փոխնախագահ, ընդդիմադիր Կարեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ համաձայնագրով օրինակ պարեկային ծառայության ստեղծման համար հստակ ժամկետ է եղել ամրագրված, այնինչ աշխատանքները նոր են մեկնարկել եւ ոչ միայն այդ հարցում: Ինչո՞ւ հնարավոր չի լինում ապահովել նախապես ամրագրված ժամկետները:

-Համաձայնագրում շատ լայն են տված սահմանումները. օրինակ այդ պարագայում ոստիկանական բարեփոխումներ ընդհանուր անվան տակ: Եվ դրա միայն մեկ էլեմենտն է պարեկային ծառայությունը: Այսինքն այնտեղ պարեկային ծառայության համար վերջնական գործընթաց չի եղել. դա ընթացիկ աշխատանքներ են: Իհարկե, կարող են շեղումներ լինել, բայց կրկնեմ, որ օրինակ կոնկրետ պարեկային ծառայության համար որևէ վերջնաժամկետ չի եղել:

Այսինքն, որպես հանձնաժողովի նախագահ, առկա տեմպերը Ձեզ գոհացնո՞ւմ են:

-Հաշվի առնելով որ ես շատ բծախնդիր եմ, ես աշխատում եմ գոհունակություն չհայտնել շատ եւ միշտ էլ կարելի է կատարելագործվել: Բայց ընդհանուր, եթե նայենք, ապա ժամկետների մեջ ենք: Այդ փոփոխությունները անում ենք մեզ համար: Այդտեղ բնապահպանության շատ մեծ բլոկ կա, որ պետք է իրականացվի եւ աշխատում ենք այդ ուղղությամբ: Աշխատանքային պրոցես է ընթանում, որը հիմնականում եռամսյակային աշխատանքներ է իրենից ենթադրում, եւ մենք հիմնականում այդ ժամկետներում տեղավորվում ենք:

Իսկ սեպտեմբերի 28-ի նիստում ինչ է սպասվում, ովքեր են ներկա լինելու:

-Մի քանի փոխնախարարներ են հրավիրված: Մեծ հաշվով, աշխատանքային  քննարկումներ են, պարզապես նիստի ֆորմատով է լինելու: Այդպիսի քննարկումներ տասնյակ անգամ արել ենք, պարզապես այս մեկը որոշեցինք նիստի ֆորմատով անել: Այնպես չէ, որ սա բացառիկ քննարկում է, այլ հերթական քննարկումներից է, որն այս անգամ որոշվել է այսպես անցկացնել:

Պարո՛ն Եղոյան, որքանով է օրակարգային շարունակում մնալ վիզաների ազատականացման հարցը:

-Այս հարցին պատասխանելիս պետք է իրավիճակին նայել: Այն իր ակտուալությունը կորցրել է, քանի որ հիմա ընդհանուր նոր կարգավորումներ են մտնում աշխարհում եւ նույնիսկ Եվրամիության ներսում: Պայմանագրի կիրարկմանը համավարակը չի խանգարել, սակայն վիզաների ազատականացումը մեր օրակարգային հարցերից է, որը կախվածության մեջ չէ համաձայնագրի կիրարկման ընթացքից: Այն առավելապես կախված է  անդամ երկրների համաձայնությունից, որովհետեւ, եթե անդամ երկրները համաձայնվում են, ապա ԵՄ-ն այլ բան չի կարող անել: Անցյալ տարվա դրությամբ մեկ ունեինք 1-2 գործընկեր երկրի կողմից անհամաձայնություն եւ այդ առումով աշխատում ենք՝ հաշվի առնելով ընդհանուր փոփոխությունը համավարակի հետ կապխված, որը կարծում եմ ընդհանուր արժելու է միգրացիոն հոսքերի կառավարելիության վերաբերյալ քաղաքականության վրա: Բայց կարծում եմ՝ լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս