ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մեկ անգամ արդեն փոփոխվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովը կարծես թե չի հասցնում այդ ժամկետում ավարտել աշխատանքները ու ներկայացնել հայեցակարգը: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով՝ ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացներ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սակայն հաշվի առնելով մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը՝ որոշում կայացվեց փոխել ժամկետները, եւ սահմանվեց, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եվ, ահա, չնայած 16 հիմնական անդամից բաղկացած հանձնաժողովն արդեն նիստեր անցկացնում է, սակայն ոչ ինտենսիվ կերպով, եւ փետրվարից մինչեւ այժմ երեք հարցի վերաբերյալ է քվեարկություն արել եւ այն ներառել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. դրանք են՝ կառավարական խորհրդարանական համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում եւ Գերագույն դատարանի ստեղծում: Ընդ որում, եթե մյուս երկու որոշումները հեշտ են կայացվել, ապա վերջին որոշումը կայացվել է մեկ ձայնի տարբերությամբ: Իսկ այժմ, մեր տեղեկություններով, օրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է: Հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ հանձնաժողովի աշխատանքներից 3 եւ ավելի անհարգելի բացակայություն ունեցող անձին կարող են հեռացնել հանձնաժողովից: Սա եւս պատահական չէ, քանի որ յուրաքանչյուր ուրբաթ նախապես նախատեսված նիստերը հաճախ չեն կայանում հանձնաժողովների անդամների՝ զբաղված լինելու կամ նիստերին չներկայանալու պատճառով:

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, եւ այսօր թափուր է ինչպես այդ նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաեւ քաղաքացիական պալատի դատավոր էր: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների շատ դատավորներ ցանկություն ունեն գնալ Վճռաբեկ դատարան եւ դառնալ քաղաքացիական պալատի դատավոր: Մասնավորապես, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ցանկություն ունեն Երվանդ Խունդկարյանի տեղը դատավոր գնալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Հովսեփ Բեդեւյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը եւ այլ դատավորներ: Սակայն դատական համակարգում լուրեր կան, որ դատավորները վախենում են ռիսկի դիմել : Ինչո՞ւ. որովհետեւ Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի եւ ընտրվի ԲԴխ-ի կողմից, որից հետո ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկի դատավոր դառնալ, թե ոչ: Երվանդ Խունդկարյանի փոխարեն Վճռաբեկի դատավոր ցանկացող դատավորները չգիտեն՝ եթե ցանկություն հայտնեն դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Բանն այն է, որ ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներսում իր նկատմամբ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ շատ կոշտ խոսել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ովքեր, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով խորհրդարանում լսում են այն բողոքները, որոնք  Հարությունյանի հետ համագործակցելու, նրա հետ լեզու գտնելու վերաբերյալ են: Մակունցն ու Սիմիդյանը շեշտել են, որ այդ դժգոհությունները իրենք ստանում են հենց իրենց թիմի անդամներից ու հորդորել են «ուշքի գալ», փոխել աշխատելու ոճը, համագործակցել խորհրդարանի հետ, այլապես գնալով  ներսում իրավիճակը լարվում է: Այս ամենից հետո, կարծես թե, Արայիկ Հարությունյանը փորձում է իր թիմի հետ կարգավորել հարաբերությունները, ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս միմյանց հետ փորձում են շփվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Արայիկ Հարությունյանը: Վերջիններս կարծես թե հանդիպում, քննարկումներ են ունենում ու, ըստ իրենց թիմի, կարելի է ասել՝ հաշտության  եզրեր են փնտրում: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Հայրապետյանն ու Հարությունյանը թեժ մարտերի մեջ էին, ինչի պատճառով անգամ Հայրապետյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն գործադիր տեղափոխելու համար, քանի որ նույն ոլորտում չէին կարողանում աշխատել:

 

 

 

Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ ամյակի կապակցությամբ բազմաթիվ պարգեւատրումներ տեղի ունեցան: Հետաքրքիր է, որ պարգեւատրվածների թվում էր նաեւ Կամո Քոչունցը, որը 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտոն է զբաղեցրել: Նախ՝ նշենք, որ երեկ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: իսկ ո՞վ է նա. Կամո Քոչունցը 2008-ին եղել է Երեւանի կայազորի պետի առաջին տեղակալը: Այնուհետեւ՝ հեղափոխությունից հետո, նա ՀՀ 2018 թվականի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով սեպտեմբերի 7-ին նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ բանակին քաղաքական գործընթացներում ներգրավելով՝ ստեղծվել է Երեւանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա: Հրամանն արձակել է ՊՆ այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը:




Լրահոս