«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ վերջինս, թիմի հետ ունենալով անհամաձայնություն, պատրաստվում է մանդատը վայր դնել: Պատգամավորը խոսել է նաեւ իր այն գործընկերների մասին, որոնք դժգոհ լինելով ՍԴ դատավորների ընտրությունից՝ տարաձայնություններ են ունեցել քաղաքական թիմի հետ ու քննարկում են մանդատից հրաժարվելու հարցը:
-Տիկի՛ն Հովսեփյան, Ձեր անունն է շրջանառվում, թե ՍԴ դատավորների ընտրության հետ կապված՝ Դուք նույնպես անհամաձայնություն եք ունեցել: Խմբակցությունում բարձրաձայնել եք դրա մասին, բայց, ի վերջո, ընտրվել է Արթուր Վաղարշյանը: Ի՞նչ կասեք:
-Ես նման խոսակցություն չեմ ունեցել խմբակցությունում, ավելին՝ Սահմանադրականի հետ կապված քննարկումներին չեմ մասնակցել ի սկզբանե, նույնիսկ քաղաքում էլ չէի ու մեկուսացման մեջ էի: Քննարկումներին չեմ եղել, իսկ վերջում ինքս լսել եւ իմ ընտրությունը կատարել եմ:
-Բայց, առհասարակ, այս հարցում տարաձայնություն ունեցե՞լ եք:
-Անգամ քննարկում չեմ ունեցել, որովհետեւ նպատակային չեմ գտել քննարկել այդ հարցը:
-Տիկի՛ն Հովսեփյան, իսկ ինչ-որ տարաձայնություն ունե՞ք խմբակցության հետ Վերջին ժամանակահատվածում՝ գուցե չափորոշիչների հետ կապված:
-Չափորոշիչների հետ կապված տարաձայնություններ խմբակցությունում երբեք չեմ ունեցել: Իմ խնդիրը ներկայացրել եմ նախարարություն, քննարկել ենք, առաջարկների փաթեթը ներկայացրել եմ: Մի շարք բաներ, որոնք առաջարկել եմ, ընդունվել են, որոշ բաներ գրավոր եմ ուղարկել, հիմա սպասում եմ պատասխաններին: Դեռ չգիտեմ՝ որ մասն է անցել, որը՝ ոչ:
-Իսկ կարո՞ղ է դա պատճառ հանդիսանալ, որ, օրինակ, հայտարարեք, որ Դուք եւս անհամաձայնություն ուենք նախարարության հետ եւ վայր եք դնում Ձեր մանդատը, ինչպես արեց Արսեն Ջուլֆալակյանը:
-Ոչ, որովհետեւ ես դնում եմ լուծման պահանջը: Ես բոլոր շահագրգիռ կողմերի հետ հանդիպում եմ ունեցել, Եկեղեցու պատմություն առարկայի համար հանդիպել եմ Վեհափառի հետ: Առաջարկներս նաեւ իրենց հետ եմ քննարկել, համաձայնություն ունեցել եւ տեղեկացրել եմ այդ ամեն ինչի մասին նաեւ նախարարությանը: Իրենք ընդունել են առաջարկներս, հիմա քննարկում են, կոմպրոմիսային տարբերակի համաձայն են: Այսինքն՝ որ առարկան, եթե այլ առարկայի մեջ դրա հետ կապված խնդիր չունեն, բայց պետք է տանեմ նրան, որ գոնե առարկան լինի, ոչ թե ստացվի, որ առարկան տանում են, բայց ընդամենը մի էպիզոտիկ հատված:
-Եթե անգամ անհամաձայնություն լինի, Ձեր առաջարկները չընդունեն, դա չի՞ ստիպի Ձեզ պատգամավորական մանդատից հրաժարվել:
-Ոչ: Կարծում եմ, նախ, չեն տանի նրան, որ չընդունվի:Ես համառ եմ իմ պահանջներում: Սա ոչ թե կապրիզ է, այլ բավականին շատ մարդկանց հետ քննարկված, շահագրգիռ կողմերի՝ ծնողների հետ է քննարկվել, թե որքանով է պետք Հայ եկեղեցու պատմության ուսուցանումը, ոչ թե առարկան, այլ պատմության ուսուցանումն այլ ֆորմատով: Ունեմ համաձայնությունները, այդ մասին քննարկել եւ ներկայացրել եմ Վեհափառին:
-Տիկի՛ն Հովսեփյան, իսկ զրուցե՞լ եք Ձեր գործընկներների հետ, այն անձանց, ում անունը շրջանառվում է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասով, օրինակ՝ Հովհաննես Հովհաննիսյանի, Լուսինե Բադալյանի, Գայանե Աբհարամյանի, Գոռ Գեւորգյանի:
-Չեմ հասցրել զրուցել, որովհետեւ մամուլից իմացա իրենց անունները: Գիտեմ, որ կար այդ տարակարծությունը՝ կապված Սահմանադրական դատարանի ընտրության հետ: Բայց քանի որ հանսգտյան օր էր, մամուլում շրջանառվեց, ես իրենց չեմ տեսել եւ այդ հարցը չեմ քննարկել իրենց հետ: Բայց, այնուամենայնիվ, գտնում եմ, որ այդ քայլին չպետք է գնան, որովհետեւ իրենք իրապես այն մարդիկ են, որոնք չափազանց մեծ դեր կարող են ունենալ մեր պառլամենտում, ու իրենց դուրս գալը այդքան ճիշտ չէ, ինչպես պարոն Ջուլֆալակյանի գնալու հետ նույնպես դեռ չեմ հաշտվել:
-Տիկի՛ն Հովսեփյան, ըստ Ձեզ՝ պառակտում կա՞ Ձեր խմբակցությունում, թիմում, հատկապես՝ օրենսդիրի եւ գործադիրի միջեւ: Օրենսդիրը համարում է, որ գործադիրը իրեն չի լսում, օրենքները բերում է միաձայն: Կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
-Դեպքեր լինում են: Այսինքն՝ լինում է, որ համառում են: Նույնը եղել է նաեւ մեր հանձնաժողովում, բայց մենք շատ հստակ գնացել ենք պնդման դաշտ, որ պետք է հաշվի առնվեն մի շարք հանգամանքներ, ինչը նախարարության կողմից ընդունվել է: Երկու նախագծերի մասով ես անմիջական մասնակցություն եմ ունեցել՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության եւ նախադպրոցականների մասին փոփոխության, որով պետք է անցած տարի դեռ ընդունվեր, բայց մեր ջանքերի շնորհիվ շատ երկար ճանապարհ անցավ մինչեւ ընդունվելը: Ես համարում եմ, որ շատ որակով օրենք դարձավ: Իսկ այն ժամանակ, երբ իրենք պնդում էին, որ պետք է անցներ, դա շատ թերի օրենք էր եւ շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեցներ: Մենք երկար աշխատել ենք, իհարկե շատ ջանքեր մեզանից պահանջվեց աշխատելու վրա, բայց արել ենք սիրով ու պատրաստակամությամբ, քանի որ դրանից շահելու էր ամեն երեխա:
-Ինչպես երեւում է, մյուս հանձնաժողովներում այդ համաձայնությունը չկա, գործադիրի հետ համաձայնություն ձեռք չի բերվում: Այդպե՞ս է:
-Խնդիր չեմ տեսնում նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Այսինքն՝ Տարածքային կառարման նախարարությունը շատ կառուցողական աշխատում է: Դժվարություններ լինում են Տնտեսական հանձնաժողովում, բայց պարոն Թունյանը համագործակցված աշխատում է: Խորքային տարաձայնություններից շատ տեղյակ չեմ, քանի որ ֆիզիկապես էլ հնարավոր չէ մտնել ամբողջ քննարկումների մեջ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ՝ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Հայաստանի անկախության 29-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Երեսուն տարի առաջ մեր ժողովուրդը երազանք ուներ, դարերով փայփայած երազանք՝ վերականգնել իր անկախ պետականությունը, եւ 29 տարի առաջ այդ երազանքը կատարվեց: Այս ընթացքում ունեցանք ե՛ւ մեծ հաղթանակներ, ե՛ւ դժվարություններ. կարծում եմ, բոլոր լավ եւ վատ դասերը սովորել ենք: Ժամանակն է, որ նորից երազենք, որպեսզի հաջորդ երեսուն տարում կառուցենք ավելի ամուր ու հզոր պետություն: Քսանինը տարի առաջ մենք բոլորով հավատացինք եւ ստացանք այն, ինչ ուզում էինք: Եթե այսօր էլ հավատանք, կարգապահ ու կազմակերպված լինենք, հստակ նպատակ ու ծրագիր ունենանք, ապա կհասնենք մեր երազանքին»,-ասել է Արմեն Սարգսյանը:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի ազատ արձակման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար: ԱԱԾ-ի միջնորդությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվել էր սեպտեմբերի 1-ին եւ մերժվել:
Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականին խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաեւ Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։ Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում. խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին: «Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է եւ նպաստում է լարվածությանը»,- ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները: Դրանց տվյալներով` սեպտեմբերի 21-ի առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին միջադեպի արդյունքում զոհվել է զինծառայող Էլշան Մամեդովը: