«Օրենքով գող» Արսեն Մկրտրյանի՝ Արսեն Երեւանսկու պաշտպանները մշտապես բարձրաձայնել են վերջինիս առողջականի մասին՝ նշելով, որ նրա կալանքը առողջության հետ անհամատեղելի է, սակայն դատարանները մերժում են վերջինիս ազատ արձակել: Երեւանսկու պաշտպանները վստահեցնում են՝ եթե իրավապահները քրեական ենթամշակույթի անվան տակ շարունակեն Արսեն Երեւանսկուն պահել կալաքի տակ, ապա վերջինիս սպառնում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի ճակատագիրը:
Armlur.am-ի ձեռքում է հայտնվել վերջինիս առողջականի վերաբերյալ բժիշկների եզրակացությունը եւ թե ինչ վիճակում է գտնվում նա:
Նշենք, որ «օրենքով գող» Արսեն Մկրտրյանի՝ Արսեն Երեւանսկու մասով հարուցված քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը նախաքննության ավարտ է հայտարարել: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով նախաքննական մարմինը 10-ից ավելի անձանց է որպես մեղադրյալ ներգրավվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող», Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը, եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանը: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել եւս 8 անձինք:
Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՂԵՂԱՏԱՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Մ4-Գետահովիտ ճանապարհն այս տարի վերականգնվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Միջպետական ավտոճանապարհից Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղ տանող ավտոճանապարհի կառուցապատումն իրականացրել է «Վարմաշ» ՍՊԸ-ն։
Գետահովտի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ճանապարհի կառուցման հետ կառուցվել է գյուղամեջից ներքեւ ձգվող հեղեղատար։ Սակայն բետոնյան հեղեղատարը սարքվել է զառիթափի տակ, խոշոր քարերը զառիթափից ընկել են հեղեղատարի մեջ։ Այդ կապակցությամբ էլեկտրոնային փոստով, բացատրություն ստանալու համար դիմել են «Վարմաշ» ՍՊԸ տնօրեն Կարեն Աֆոյանին, սակայն նրանից պատասխան չի ստացվել, նա չի պատասխանում իր բջջային հեռախոսահամարին կատարված զանգերին:
Գետահովտի այդ թաղամասի բնակիչները մտահոգություն ունեն, որ աշնան անձրեւներից զառիթափն ավելի է քանդվելու, քարերն ու հողը լցվելու են հեղեղատարը։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Գետահովիտ համայնքով անցնող Մ4-Գետահովիտ մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է։ ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Գետահովիտ եւ ուսումնասիրել կատարված աշխատանքները։ Ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչ Կնուտ Մյուլլերը նկատել է, որ շինաշխատանքները կատարվել են բարձր որակով։ Ճանապարհը մեկ տարի շարունակ կգտնվի թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում, եւ այդ ընթացքում ի հայտ եկած թերությունները կվերացվեն կապալառու կազմակերպության կողմից։
Երաշխիքային ժամկետի ավարտից հետո ճանապարհը սպասարկման կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին։ «Վառմաշ» ընկերությունը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի անվան հետ։ «Վարմաշ» ՍՊԸ տնօրեն Կարեն Աֆոյանը Հերմինե Նաղդալյանի փեսան է։ Վերջինիս ամուսինը ՝Դավիթ Բեգլարյանը, զբաղեցնում էր ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնը: 2017թ. «Վառմաշը» 301 միլիոն դրամով գնել է սնանկ ճանաչված «Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման» ՓԲԸ գույքը եւ Տավուշի մարզում ճանապարհաշինական ծրագրեր է իրականացնում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՈՐԾԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻԱԿՑՎԱԾ ՉՎԵՐԹՆԵՐ
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերի 1-ից գործարկում է մի շարք միակցված չվերթներ եւ ավելացնում նոր չվերթներ։ Նշենք, որ գործարկվում են նոր միջազգային չվերթներ՝ Կիեւ-Բրյուսել-Կիեւ, Կիեւ-Դյուսելդորֆ-Կիեւ, Կիեւ-Լոնդոն-Կիեւ, Կիեւ-Պրահա-Կիեւ, Կիեւ-Բաքու-Կիեւ։
ՈւՄԱ-ն նաեւ Կիեւով միակցված չվերթներ է առաջարկում Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից դեպի Դուբայ, Կահիրե, Բաքու, Երեւան, Ստամբուլ, Թել Ավիվ, Կիեւով Դուբայից, Կահիրեից, Բաքվից, Երեւանից դեպի Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Դյուսելդորֆ, Մյունխեն, Պրահա, Թել Ավիվ, Ստամբուլ,։ Կիեւով Թել Ավիվից եւ Ստամբուլից դեպի Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Դյուսելդորֆ, Մյունխեն, Պրահա, Դուբայ, Երեւան, Բաքու։
Վերջապես, ավիաընկերությունը Կիեւով միակցումների տարբերակներ է առաջարկում Ուկրաինայում սեփական կամ գործընկերային չվերթներին։ Մասնավորապես՝ Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից, Թել Ավիվից եւ Ստամբուլից Կիեւով չվերչթներ են առաջարկվում դեպի Խարկով, Լվով, Խերսոն, Օդեսա, Դնեպր, Դուբայից, Կահիրեից, Բաքվից, Երեւանից Կիեւով դեպի Խարկով, Լվով, Օդեսա, Դնեպր։
54 ԱՆՁ Է ՀԻՎԱՆԴԱՑԵԼ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Բոլորն իրենց լավ են զգում, պարզվեց, որ գործ ունենք սննդային խանգարման հետ: Թիվն ավելանում է, որովհետեւ ոմանք աշխատանքային գրաֆիկով սահմանված կարգով տուն էին գնացել հերթափոխից հետո, նրանց եւս զանգահարել ենք, ճշտել, թե ինչ վիճակում են: Այս պահին 54 անձ է հիվանդացել»,- ասել է նա: Խոսնակի փոխանցմամբ՝ պացիենտների թվում նաեւ հղիներ կան. «Խոսքը երկու հղիի մասին է, երբ իրենց մոտ դեպքն ավելի արագ է կարգավորվել, քան, օրինակ, բժիշկների, նրանց որեւէ վտանգ չի սպառնում, իրենց լավ են զգում»,-ասաց Խաչատրյանը։
ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հանրապետությունում սեպտեմբերի 21-ին եւ 23-24-ը՝ առանձին շրջաններում, 22-ին եւ 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում սեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին եւ 26-ի կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: