Հուշամեդալներ, թղթադրամներ, արխիվային լուսանկարներ, մետաղադրամներ, երաժշտական գործիքներ, բազմաթիվ փաստաթղթեր եւ, ի վերջո, անկախության հռչակագիրը. այս եւ մի շարք այլ ցուցանմուշներ, որոնք Հայաստանի երրորդ հանրապետության անկախության ապացույցն են, պահվում եւ պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանի Երրորդ հանրապետության սրահում, որը մշտապես պատրաստ է իր հյուրընկալ դռները բացել բոլոր հետաքրքրասերների առաջ:
Թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը նշել է, որ սրահում ներկայացված բոլոր ցուցանմուշները հետաքրքիր են եւ կարեւոր. դրանցից յուրաքանչյուրը Հայաստանի երրորդ հանրապետություն անկախության վկան է: Թանգարանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում ձեռք է բերում հուշադրամների, կրծքանշանների, մեդալների յուրատիպ ցուցանմուշներ, որոնք վերաբերում են խոշոր դինաստիաներին, հոբելյանական տարեթվերին, քաղաքական, հասարակական գործիչներին, հանրահայտ անձանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել անկախության կայացման գործում: Ցուցանմուշներից հատկապես հետաքրքիր է Արտաշեսյանների դինաստիային վերաբերող 1993 թվականին թողարկված արծաթե մեդալը:
Առանձնահատուկ են նաեւ թանգարանում պահվող այն շքանշանները, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից են տրվում: Խոսքը պետական պարգեւների մասին է. դրանք նույնպես հանձնվել են այն մարդկանց, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի երրորդ հանրապետության կայացման հարցում: Թանգարանում ընդամենը 17 ցուցանմուշ է՝ Հայաստանի ազգային հերոս, Մարտական խաչ շքանշանը, Երկրորդ աստիճանի մարտական խաչ շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Տիգրան Մեծ եւ այլ շքանշաններ:
Սեդա Գալստյանը շեշտեց, որ զբոսաշրջիկները մշտապես մեծ ուշադրությամբ են դիտում բոլոր ցուցանմուշներն ու ծանոթանում դրանց, սակայն հատկապես երկար են կանգնում շեփորի մոտ, որով ժամանակին ազդարարվում էր հավաքների սկիզբը, հնչում էր «Ինչո՞ւ է աղմկում գետը» կինոնկարի երաժշտությունը, եւ հեռվից, երբ մարդիկ լսում էին երաժշտության ելեւէջները, հավաքվում էին, դառնում մի բռունցք: Փաստորեն, բոլոր հավաքներն անցնում էին այդ երաժշտության հնչյունների ներքո: Շեփորը մեզ նվիրել է շեփորահարը՝ Աշոտ Միրզոյանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, բայց հաճախ է գալիս Հայաստան, այցելում թանգարան եւ դիտում գործիքը, հիշում դրա հետ կապված պատմությունները: Շեփորի կողքին հավաքները վառ կերպ ներկայացնող լուսանկարներն են, որոնց հեղինակը մեր թանգարանի լուսանկարիչ Վռամ Հակոբյանն է»,-տեղեկացրել է նա:
Ցուցասրահի «Անկախության զինվորները» խորագրով ցուցափեղկում կարելի է գտնել Վազգեն Սարգսյանի՝ 1992 թվականի հեռուստաելույթի տեքստը: Սարգսյանը կազմեց մահապարտների ջոկատը, որը ղեկավարում էր ինքը, կազմվեցին կամավորական ջոկատներ, խմբեր: Ներկայացված են ջոկատների անդամների, նրանց ղեկավարների անունները: «Ցուցադրված են Երկրապահ կամավորականների միության պարգեւները՝ սպարապետի շքանշանը, որը ստացել է Վազգեն Սարգսյանը, Հայաստանի երկրապահ հուշամեդալը, որը տրվում էր երկրապահ զինվորներին: Այստեղ է նաեւ Շուշիի ազատագրման քարտեզը, որը թանգարանին է նվիրել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը»,-շեշտեց Գալստյանը:
Բոլոր ցուցանմուշների մեջ գեղեցկությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի ոսկյա զինանշանը՝ պատված ադամանդներով, այն նույնպես գրավում է այցելուների ուշադրությունը:
Նա նշեց, որ թանգարանի ֆոնդերը համալրվելու են նաեւ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը վերաբերող ցուցանմուշներով: «Համագործակցում ենք տարբեր կառույցների եւ անձանց հետ ու վստահ ենք, որ այդ համագործակցության արդյունքում մեր ֆոնդերը կհարստանան նոր նյութերով: Դա շատ կարեւոր է, քանի որ մեր օրերն են, եւ շատ ժամանակ չի անցել այդ իրադարձություններից»,-եզրափակել է Սեդա Գալստյանը: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվ»:
Հանրաքվեն անցկացվել է խորհրդային ընտրական օրենսգրքով եւ անցել ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անցկացվել էր արդար ու թափանցիկ, վկայում էր 25 երկրից գրանցված 117 դիտորդ: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակել է այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԹՎԵՐ
Սեպտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47,552 դեպք, որոնցից 42,637-ն` առողջացած, 936-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Ունենք 29 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65, 82, 81, 61, 60 եւ 84 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 277-ով՝ հասնելով 47431-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 2 դեպք:
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: «Վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտ, մեկը Շուշի քաղաքի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից: Նրանց մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու եւ հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 367 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 45, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 105 նմուշառում է իրականացվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իսկ, ահա, Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 6 196-ով՝ հասնելով մինչեւ 1 109 595-ի։ Օրական աճը համեմատական արտահայտությամբ երկրորդ օրն անընդմեջ պահպանվում է 0,6 տոկոսի մակարդակում։
Ռուսաստանում ապաքինված պացիենտների թիվը, որոնց մոտ նախկինում կորոնավիրուս է ախտորոշվել, մեկ օրում աճել է 2 616-ով, ընդհանուր ապաքինվել է 911 973 մարդ։ Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների բաժինը գերազանցել է վարակվածների ընդհանուր թվի 82,1 տոկոսը։ Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 71-ով՝ մեկ օր առաջվա 79-ի դիմաց, ինֆեկցիայի հետեւանքով ընդհանուր մահացել է 19 489 մարդ։ Ըստ շտաբի տվյալների՝ մահացածների ընդհանուր թիվը կազմել է Ռուսաստանում բոլոր վարակվածների 1,76 տոկոսը։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԹԻՎԸ ԱՃԵԼ Է
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 193-ով: Հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 3695 է, որից 1981-ն այժմ ակտիվ է: Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 40 մարդ լքել է կլինիկաները, համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 1534 հիվանդ, մահացել է 20 հիվանդ: Կարանտինում 4 988 մարդ է գտնվում: Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: