Հումորիստ, դերասան, «32 ատամ» ակումբից հայտնի դարձած Վահագն Գրիգորյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ գործունեություն է ծավալում Լոս Անջելեսում։ Վահագնն այնտեղ «Stand up comedy» ժանրի ներկայացումներում հաճախ նմանակում է հայ քաղաքական գործիչների, եւ նրա ամենաստացված նմանակումը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանինն է:
-Վահա’գն, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բնակություն եք հաստատել ԱՄՆ-ում։ Ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ։
-Հիմա այնպիսի ժամանակ ենք ապրում, որ ինքնուրույն գործունեություն ծավալել էլ չկա….Հիմա թիվին ինչ ասում է ,դա էլ ծավալում ենք գործի մեջ: Ասում է, որ հիվանդ ենք, ուրեմն հիվանդ ենք, ասում է՝ առողջ ենք, ուրեմն առողջ ենք, ասում է՝ դիմակ դրեք, դնում ենք. սա էլ այսօրվա գործունեությունն է:
-32- թատրոնից հետո Ձեր ասպարեզում ի՞նչ հաջողություններ եք գրանցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
-Հաջողություն է արդեն, երբ օտար երկրում շարունակում ես ապրել ու գոյատեւել քո սիրած գործով ու մասնագիտությամբ՝ հեռուստանախագծեր, ստանդ ապ երեկոներ եւ այլն:
-Իսկ հե՞շտ էր արդյոք գործունեություն սկսել օտար երկրում։
-Անկախ ամեն ինչից, անկախ, թե որ երկրում ես գտնվում, հեշտ գործ չկա: Գործը հեշտ է դառնում, եթե դու այդ գործի մասնագետն ու նվիրյալն ես, եւ եթե պատրաստ ես բոլոր դժվարությունները հաղթահարել սիրով:
-Վահա՛գն, մեր հարցազրույցներից մեկում ասել էիք, թե մեր երկրում հումորով զբաղվող մարդկանց մասնագիտորեն լուրջ չեն ընդունում։ Հիմա՞ էլ եք այդ կարծիքին։
-Իսկ ինչի՞ց ելնելով կարծիքս փոխեմ, ո՞ր իմ կոլեգաները բարձր պաշտոնի են, բա մեկնաբանությունները նրանց հասցեի՞ն, բա այդ ատելությո՞ւնը:
-Դուք հումորային ասպարեզի հիմնադիրներից եք։ Հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում ձեր ոլորտի ներկայացուցիչներին, ի՞նչ տպավորություն եք ստանում։
-Ոլորտին հետեւում եմ, իսկ գնահատականներ տալն առհասարակ դժվար է, եւ, բացի այդ, ես չպետք է դա անեմ: Կարծում եմ, որ դա հանդիսատեսի գործն է. եթե նայում են, ուրեմն սիրում են, ուրեմն մի բան անում են: Հումորը ժամանակի հետ համընթաց է. ինչպիսին ժամանակներն են, այդպիսինն էլ հումորն է:
-Վահա՛գն, իսկ ցանկություն չունե՞ք կրկին վերադառնալ հայրենիք եւ այստեղ շարունակել Ձեր գործունեությունը։
-Սպասեք այս դիմակները հանենք, տեսնենք, թե տակը ինչ դեմք է մնացել, նոր այդ մասին կմտածենք եւ կորոշենք (ծիծաղում է), իսկ կա՞ այդպիսի մարդ, որ չի ուզում տուն գնալ…
-Ո՞ր միջավայրում կցանկանաք, որպեսզի մեծանա Ձեր որդին։
-Որտեղ էլ կլինի, թող լինի մարդ ու մարդկությանը պիտանի, մեզ էլ ինչ կտա, կտա:
-Իսկ ցանկություն չունե՞ք ընտանիքը համալրել եւս մեկ երեխայի ծնունդով:
-Այո՛, իհարկե ցանկանում եմ յոթը որդով սեղան նստել, բայց առայժմ չենք կարող, այս տունը փոքր է, այդպիսի մեծ սեղան չի տեղավորվի (կատակում է):
-Հետեւո՞ւմ եք Հայաստանում կատարվող իրադարձություններին։
-Այո՛, հետեւում եմ, առաջին սեզոնը նայել եմ, սպասում եմ երկրորդ սեզոնը դուրս գա….
-Հեղափոխությունից հետո Ձեր աչքերով ի՞նչ է փոխվել մեր երկրում, եւ ի՞նչ կցանկանայիք, որ փոխվեր։
-Եթե կսպասեք՝ մեկ տարի հետո այս հարցին կպատասխանեմ, երբ կգամ Հայաստան եւ լսածս ու տեսածս կհամադրեմ…Այս պահին այսքանը, թիվիով ասացին, որ տաքություն ունեմ, գնամ մի հատ ջերմաչափվեմ…. Առողջությո՛ւն բոլորին՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ մտոք:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՐԻՆԱ ԱՅՎԱԶՅԱՆՆ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲԱԺԱՆՎԵ՞Լ ԵՆ
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ երգիչ Գեւորգ Մկրտչյանի եւ դերասանուհի Իրինա Այվազյանի սիրավեպն ավարտվել է: Աստղային զույգն արդեն տեւական ժամանակ է, ինչ միասին չէ, թեեւ փորձում են պահպանել ընկերական շփումը:
Մասնավորապես, մեզ հայտնի էր դարձել, որ աստղային զույգի բաժանման պատճառ է դարձել դերասանուհու խանդը, թեեւ ամիսներ առաջ, մեզ հետ զրույցում անդրադառնով նրա խանդոտ լինելուն, Իրինան նշել է, որ փորձում է հասկանալ երգչին, քանի որ նա բեմի մարդ է:
Ինչեւէ, ArmLur.am-ը դերասանուհուց հետաքրքրվել է, թե այժմ նրանք ինչ հարաբերությունների մեջ են, եւ արդյոք հարաբերությունները լիովին խզվել են, թե ոչ:
Իրինա Այվազյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով , որ հիմա նրանց հարաբերությունները լարված են, եւ ավելին մանրամասնել այս պահին չի կարող:
Նշենք, որ Գեւորգ Մկրտչյան եւ Իրինա Այվազյան զույգն արդեն մեկ տարի է, ինչ միասին է, իսկ թե ինչպես կզարգանա, եւ ինչ ընթացք կունենա սիրային զույգի ճակատագիրը, ժամանակը ցույց կտա:
Հավելենք, որ ուսումնասիրելով դերասանուհի Իրինա Այվազյանի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերը՝ նկատեցինք, որ դերասանուհին հեռացրել է իր եւ երգիչ Գեւորգ Մկրտչյանի միասին լուսանկարները եւ պոստերը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է շարունակել աշխատանքը մանչեսթերյան ակումբում։ «Ես սիրում եմ այս ակումբը եւ կցանկանայի շարունակել աշխատանքս այստեղ։ Բայց նոր պայմանագիրը պետք է վաստակել։ Նախորդ 10 տարիներին ակումբը հասել է մեծ հաջողությունների, բայց գագաթին պետք է մնալ։ Առայժմ ակումբի ղեկավարությունն ինձ նոր պայմանագիր չի առաջարկել։ Եթե չարդարացնեմ ակումբի սպասելիքները, կնշանակի՝ արժանի չեմ նոր պայմանագրի։ Համագործակցությունը երկարաձգելու համար պետք է տիտղոսներ նվաճեմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
49-ամյա մասնագետի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ հունիս։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ
33-ամյա չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ժամանել է Միլան եւ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ, որի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլիստի տեսաողջույնը: Արտուրո Վիդալը համաձայնության էր հասել «Բարսելոնայի» հետ պայմանագրի վաղաժամ խզման մասին։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021թ. հունիս: Վիդալն «Ինտերի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: Նա «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Վիդալը հանդես է եկել նաեւ «Կոլո-Կոլոյում», «Բայերում» եւ «Յուվենտուսում»։
ՈՍԿԵ ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի Կլուժ քաղաքում ավարտված Բալկանյան երկրների առաջնությունում։ Մարզիչ Արսեն Պետրոսյանի սանը եռացատկում առաջին տեղը զբաղեցրել է 16 մետր 53 սմ արդյունքով։ 25-ամյա կապանցի ցատկորդն իր 6-րդ ոսկե մեդալն է նվաճում Բալկանյան երկրների առաջնությունում։ Մրցումային առաջին օրը Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում։ Հայաստանի հավաքականի կազմում փայլուն է հանդես եկել նաեւ ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը։ 100 մետր արագավազքում Դոնիկյանը գրանցել է 10.44 արդյունք՝ սահմանելով Հայաստանի ռեկորդ։ Վազորդ Ռազմիկ Մկրտչյանն (100 մետր – 10.96) ու Արման Հակոբյանը (1500 մ – 3:58.07) բարելավել են իրենց լավագույն արդյունքները։