Ինչ իրավիճակում է այժմ գտնվում է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառումը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է քննարկմանն ընդառաջ պարզել, թե ինչ իրավիճակում է այժմ գտնվում համաձայնագրի կիրառումը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ավարտին է մոտենում համաձայնագրի վավերացման գործընթացը:

«Այս պահի դրությամբ մնացել է մեկ երկիր, որը դեռ չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ երկիրը Պորտուգալիան է, սակայն համաձայնագիրն արդեն գտնվում է այդ երկրի խորհրդարանում, այն օրակարգում է, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ վավերացումը տեղի կունենա», – նշեց Եղոյանը: Սակայն, դրան զուգահեռ, առկախված է մնում վիզաների ազատականացման հարցը, որի պատճառը նաեւ կորոնավիրուսային համավարակն է: «Անցյալ տարվա դրությամբ մենք ունեինք 1-2 գործընկեր երկրի կողմից անհամաձայնություն եւ այդ առումով աշխատում ենք՝ հաշվի առնելով ընդհանուր փոփոխությունը՝ համավարակի հետ կապված, որը, կարծում եմ, ընդհանուր ազդելու է միգրացիոն հոսքերի կառավարելիության վերաբերյալ քաղաքականության վրա: Բայց կարծում եմ՝ լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո», – հավելեց պատգամավորը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս