Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ստորագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ապա ժամեր անց հաստատվեց նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը: Այս երկու արդեն նախկին պաշտոնյաների միջև ոչ ջերմ հարաբերությունները երկար պատմություն ունեն եւ փաստորեն երկուսն էլ պարտված դուրս եկան:
Իսկ ինչն էր խնդիրը. մամուլում հրապարակումներ եղան, թե Գրիշա Թամրազյանն ու Սմբատ Գոգյանը «տղայական ռազբորկա» են ունեցել, փորձել հաշիվներ մաքրել եւ այս ամենն այնքան է թեժացել, որ գործին խառնվել էին անգամ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եւ նրանց միջեւ առերեսում կազմակերպել:
Ընդ որում, դեռեւս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվող կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունն ավարտվել էր, վերջում Փաշինյանը ծառայողական քննություն էր նշանակել: Փաշինյանը փորձել էր հասկանալ, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ, ով՝ սխալ:
Եվ դեռ այն ժամանակ գրել էինք, որ քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետարքրքվել է, թե արդյոք ծառայողական քննության վերջում հնարավոր է օրենքով սահմանված կարգով պաշտոնյային ազատել աշխատանքից իր լիազորությունների չարաշահման համար, թե ոչ: Վարչապետի աշխատակազմից պատասխանել էին, որ հնարավոր է՝ լինի կարգապահական տույժ, բայց չեն բացառել նաեւ աշխատանքից ազատումը: Եվ ահա, երեկ երկուսն էլ ազատվեցին աշխատանքից: Այստեղ օդում կախված է մնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հարցը. թե ինչ է սպասվում նրան, պարզ կդառնա առաջիկայում:
Նաիրա Հովհաննիսյան