Սդրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ելույթ է ունեցել Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում: Ալիևը նշել է, որ Հայաստանի ղեկավարության «թշնամական հայտարարությունները և իրականացվող սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր պատերազմի»:
«Բանակցությունները չպետք է անցկացվեն միայն հանուն բանակցությունների, դրանք պետք է լինեն նպատակային և բովանդակային: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները իրենց հայտարարություններում շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դրանք բավարար չեն, մեզ պետք են գործողություններ»,- հայտարարել է Ալիևը։
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ալիևը կոչ է արել ՄԱԿ-ին «նոր օրակարգ նախապատրաստել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու համար»:
ՄԱԿ-ին ուղղված իր ծավալուն ելույթում Ալիևը հիմնականում անդրադարձել է Հայաստանին և Հայաստանի իշխանություննրին, բողոքել վարած քաղաքականությունից և քննադատություններ հնչեցրել։
Իսկ ինչ արձագանք կլինի հայկական կողմից. ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ՄԱԿ-ում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ըստ երեւույթին, ՀՀ վարչապետն իր ելույթում կանդրադառնա Արդբեջանի նախագահի ելույթում հնչեցրած մտքերին եւ կներկայացնի իր տեսլականը: Այսինքն, Ադրբեջանի նախագահի ելույթին պատասխան կտրվի ՀՀ վարչապետի մակարդակով:
Ն.Հ.