Բժիշկներին շնորհակալագրեր են տվել առանց նախարարի. ինչո՞ւ Թորոսյանը ներկա չէր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում բարձրացված աղմուկից եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմի բաց նամակից հետո պարզ դարձավ, որ այս հիվանդանոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից են արժանացել հուշամեդալների եւ շնորհակալագրերի, սակայն ուշագրավ է, որ ArmLur.am-ի տեղեկություններով, նրանց պարգևատրման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չի եղել եւ անձամբ դրանք չի հանձնել:

Հիշեցնենք՝ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հայաստանի անկախության օրվա առթիվ պարգևատրվածների թվում չկար «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմը: Նրանք անգամ բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ հայտնել իրենց վրդովմունքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին օրերից այդ հիվանդության բուժմամբ զբաղված հիվանդանոցի անձնակազմն անուշադրության է մատնվել: Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին նախագահը տարբեր մեդալներով պարգևատրվել է մոտ 130 անձանց՝ դատավորներից մինչև դերասաններ, զինվորականներ ու բժիշկներ։

Եվ այս եւ մյուս հիվանդանոցների անձնակազմին  չպարգևատրելու հանգամանքը բուռն քննարկվեց նաև այն պատճառով, որ բուժաշխատողներին պարգևատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի եւ այդ կենտրոնների ներկայացուցիչների հարաբերություններն էլ այնքան էլ բարիդրացիական չեն:  Եվ ահա, ի վերջո հայտնի դարձավ, որ հարյուրից ավելի բուժաշխատողներ պարգևատրվել են վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, այդ թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները, Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը, «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը եւ այլք: Սակայն ուշագրավ է, որ քիչ առաջ ավարտված պարգևատրման արարողությանն Արսեն Թորոսյանը ներկա չի եղել. պարգեւները հանձնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս